Սերգեյ Մինասյան. Կառավարության ծրագիրը դեկլարատիվ բնույթ է կրում
«Նոր ծրագիրը գործնականում չի տարբերվում նախորդ կառավարության ծրագրից և մոտեցումներից: Ինչ-որ չնչին շեշտադրումներ կարող են տարբերվել, սակայն ես չեմ կարծում, որ նոր կառավարության ձևավորմամբ մենք կստանանք նոր տնտեսություն, տնտեսական զարգացումներ, առավել ևս` Հայաստանի տնտեսության մեջ գործող նոր ակտորներ»,- անդրադառնալով կառավարության ծրագրին` լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ բանախոսի, նոր կառավարության ծրագրում զետեղված դրույթները մեծ մասամբ կրում են դեկլարատիվ բնույթ և բարի ցանկություններ են հիշեցնում:
Դրա հիմնական պատճառն, ըստ քաղաքագետի այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում դադարել է գործել հակակշիռների և զսպումերի համակարգը:
«Այն փաստը, որ վերջին զարգացումների արդյունքում ՀՀԿ-ն մոնոպոլիզացրել է և՛ քաղաքական և՛ տնտեսական դաշտը, հանգեցնում է նրան, որ ծրագրերը ավելի շուտ կենացներ են հիշեցում և ունեն խիստ դեկլարատիվ բնույթ: Իրականում այսօր գրեթե բացակայում են այն ակտորները, որոնք կարող են ազդել կառավարության գործունեության վրա: Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2008 թ գտնվում էր բոլորովին այլ վիճակում: Նախորդ կառավարությունը ստիպված էր մի բան անել: Առկա էին և՛ ներքաղաքական և՛ համաշխարհային ֆինանսական ճգնաժամները: Սա ստիպում էր որոշակի բարեփոխումներ իրականացնել: Արդյունքում կառավարման և ֆինանսաբանկային ոլորտներում իրականցվեցին լրջագույն քայլեր: Այս առումով նախորդ կառավարության ծրագիրը ոչ թե դեկլարացիա էր, այլ փրկության քայլերի համադրություն, որոնց մի մասը կյանքի կոչվեցին, իսկ մյուս մասը` ոչ: Եթե չկան կառավարությանը համակարգային փոփոխությունների դրդող գործոնները, ապա բնական է, որ ծրագիրը պետք է նման լինի դեկլարացիայի: Այս պահին ես չեմ տեսնում նման ո՛չ արտաքին և ո՛չ էլ ներքին գործընթաց»,- ասաց Սերգեյ Մինասյանը: