Պաշտոնապես կհրապարակվեն բոլոր նյութերը` կապված Մամիկոն Խոջոյանի հետ. Արմեն Մուրադյան
Ադրբեջանական գերությունից վերադարձված Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների փաստը հայտնի է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նա հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկոր բաց վնասվածքներով, վիրահատվել է, մայիսի 3-ին դուրս է գրվել հիվանդանոցից, դրանից հետո գտնվել է բժիշկների հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ նախկին գերին մայիսի 20-ին մահացել է, և նրա հարազատները պնդում են, թե մահը վրա է հասել Ադրբեջանում նրան ներարկած կերոսինի պատճառով:
«Պաշտոնապես կհրապարակվեն բոլոր նյութերը` կապված Մամիկոն Խոջոյանի հետ: Կարող եմ ասել, որ նա մշտապես եղել է առողջապահական մարմինների հսկողության ներքո, երեք շաբաթվա ընթացքում 3 անգամ նրան է այցելել բժշկական խումբ` բաղկացած 3 մասնագետներից` նյարդաբան, թերապևտ և վիրաբույժ, բացի այդ, բուժքրոջ այցելություններ են եղել ամեն օր: Եղել է նրան հիվանդանոց տեղափոխելու առաջարկ, որից հարազատները հրաժարվել են, և ամսի 20-ին` ժամը 19.15-ին եղել է ահազանգ հարազատների կողմից: Շտապ օգնությունը, չնայած հեռավորությանը` 12 կիլոմետր Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր, 15 րոպեի ընթացքում հասել է, սակայն փրկել չի հաջողվել, և Մամիկոն Խոջոյանն արդեն մահացած է եղել»,- նշեց Ա. Մուրադյանը:
Առողջապահության նախարարը անդրադարձավ նաև «Վերնիսաժ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվածների առողջական վիճակին` հայտնելով, որ նրանք բավարար վիճակում են, իսկ նրանցից երեքն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակներ:
Նախորդող հրապարակումներ`
Մահացել է Մամիկոն Խոջոյանը...«Ադրբեջանում կյանքին ու առողջությանը վտանգավոր հեղուկ էր ներարկվել»