«Կարֆուր»-ի մուտքը Հայաստան պետք է դրական գնահատել. Արմեն Պողոսյան
«Ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացումը Հայաստանում գնահատում եմ դրական, թեև այն կնպաստի փոքր և միջին խանութների փակվելուն, սակայն չի կարելի չգնահատել նրա կարևորությունը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը` հավելելով, որ այսօր աշխարհում «Կարֆուր»-ը երկրորդն է իր ծավալով, ներկայացվող ապրանքի որակով և մատչելիությամբ:
Ա.Պողոսյանը միաժամանակ նշեց, որ թեև սուպերմարկետները քաղաքակիրթ առևտրի ձև են, բայց դրանց շնորհիվ այսօր փոքր և միջին խանութները փակվում են, իսկ մարդիկ էլ մնում են անգործ: Ըստ նրա` սուպերմարկետ գնացող մարդը սովորաբար մեծ առևտուր է կատարում, իսկ մեկ հաց կամ պաղպաղակ գնելու համար նախընտրելի է առևտուրը կատարել փոքր կրպակներից, ուստի, ըստ նրա, փոքր խանութները չի կարելի վերացնել:
Ինչ վերաբերում է «Կարֆուր»-ին, ապա Ա.Պողոսյանը գտնում է, որ հիպերմարկետի գործունեությունից հասարակությունը կշահի: Պատասխանելով հարցին, թե «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան բարի՞ք կհամարի, թե՞ չարիք, նա նշեց, որ ինքը հակված է այս երևույթն ավելի շատ բարիք գնահատել, քանի որ Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է, ֆրանսիական ներդրումներն այստեղ դրական արդյունք կբերեն:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքերով` մտավախություն կա, որ դրանով կվնասեն տեղական արտադրողին: Դրա համար, ըստ նրա, Կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրի, որպեսզի տեղական արտադրողի վիճակը չվատանա, մրցակցությունն էլ չխաթարվի:
««Երևան Սիթի» սուպերմարկետների ստեղծումով բազմաթիվ մանր ու միջին խանութներ փակվեցին, մինչդեռ հատով առևտրի դեպքում մարդը չի գնա սուպերմարկետում ժամանակ վատնի: Մեծ խանութներն օգտակար են մեծ գնումների դեպքում: Կարծում եմ` «Կարֆուր»-ի հետ կարելի է բանակցել, և նրանց օգնությամբ մեր արտադրանքը հանել ֆրանսիական շուկա»,- ընդգծեց Վ. Սաֆարյանը: