Կանաչ լույս փոքր և միջին բիզնեսի համար. Կառավարությունը աջակցություն է խոստանում ՓՄՁ-ներին (տեսանյութ)
Այնպես չէ, որ միայն գործարարները չեն վստահում պետությանը, նաև պետությունը որոշ անվստահություն ունի գործարարների հանդեպ, սա պետք է չեզոքացնել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Կառավարության ծրագրի` իրեն վստահված ոլորտը ներկայացնելիս, էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ մտադիր են տեսչական մարմինների գործառույթները կրճատել կիսով չափ, ընդլայնել դաշտը գործարարների համար:
Անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկությունների ճակատագրին, Ճշմարիտյանն ասաց, որ փոքր ձեռնարկությունների խնդիրը քաղաքական ու սոցիալական է:
«Նրանց նկատմամբ որոշակի պարզեցումներ, ակնհայտ երկարատև տնտեսական միջավայր, որ նրանք վայրիվերումների մեջ չընկնեն և ընդհանրապես, աջակցություն, աջակցություն հատկապես սահմանամերձ ու հեռավոր շրջանների ձեռնարկությունների համար», -հայտարարեց Ճշմարիտյանը:
Նախարարի կարծիքով, պետք չէ արդյունաբերության ոլորտն ընկալել ըստ աշխատող գործարանների թվի:
«Ես կցանկանայի այդ ոլորտը դիտարկել տարածքային զարգացման համատեքստում, զբոսաշրջության զարգացման համատեքստում: Պետք է բոլորս հասկանանք, որ և զբոսաշրջությունն է արդյունաբերություն, և ինֆորմացիոն տեխնոլոգիաները», -հայտարարեց Ճշմարտիյանը:
Այդ առումով, նա տեղեկացրեց, որ շուտով աշխարհի տարբեր երկրներում, որոնք գործընկեր են Հայաստանի հետ, ստեղծվելու են առևտրային տներ, որոնցում մշտապես ներկայացվելու է հայկական արտադրանքը:
«Դա կլինի պետություն-մասնավոր համագործակցության հիմքի վրա», -հավելեց նախարարը:
Ինչ վերաբերում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտին, ապա ըստ Ճշմարիտյանի, գիտություն-տնտեսություն կապը պետք է ապահովվի միայն պետության միջամտությամբ, այսինքն` պետությունը պետք է խթանի, որ «գործարարը գնա դեպի գիտություն»:
«Գիտության արդյունքները պետք է առևտրայնացվեն և գնան ուղղակի տնտեսություն, ուղղակի նրանց մոտ պետք է հետաքրքրություն լինի, որ դիմեն գիտնականին», -հավելեց նախարարը:
Տնտեսությանն են ուղղվելու նաև ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում ունեցած արդյունքները:
«Ներկայացված ծրագրի դրույթների իրագործման համար ադեկվատ ընկալում և առողջ համագործակցություն ենք ակնկալում», -ելույթը եզրափակեց Ճշմարիտյանը: