EurasiaNet. Ադրբեջանում «Եհովայի վկաներն» իսլամիստ ծայրահեղականներին հավասար հետապնդվում են
Ադրբեջանական կառավարությունը նույնիսկ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելուց և աշխարհին հավաստիացնելուց հետո, որ երկրում ժողովրդավարության հետ ամեն ինչ կարգին է, շարունակում է «թափահարել մտրակը»: Այս մասին ասվում է ամերիկյան «EurasiaNet» կազմակերպության կայքում տեղադրված հոդվածում:
Բացի այն, որ Ադրբեջանի իշխանությունները պահանջել են երկարաձգել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ հայտարարված քաղաքացիական անձանց ձերբակալությունը, նրանք մայիսի 19-ին ձերբակալել են երեք «Եհովայի վկաների»:
«Թե ինչքանով են այս զարգացումները համապատասխանում Բաքվի վերջերս տրված խոստումներին` Եվրոպայի խորհրդում նախագահելու վեցամսյակի ընթացքում ապահովել օրենքի գերակայություն և նպաստել «միջմշակութային երկխոսությանը», դեռ հարց է»,- ասվում է հոդվածում:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մայիսի 20-ից 21-ը այցելել էր Ադրբեջան, որպեսզի ներկայացնի «գործողությունների ծրագիր»-ը, որի նպատակն է համապատասխանեցնել Ադրբեջանի քաղաքականությունը ԵԽ-ի հանդեպ ստանձնած պարտավորություններին և լուծել երկրում մարդու հիմնարար իրավունքների խնդիրները:
«Մայիսի 21-ին դատախազությունը որոշել էր յուրովի լուծել խնդիրները `պահանջելով 6-ից 9 տարվա ազատազրկում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստներ Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլիի և Էլնուր Մամեդովի համար: 2013թ.-ի նախագահական ընտրությունների ընթացքում նրանք իրենց քննադատական խոսքն են ասել, իսկ ավելի ուշ նրանց ձերբակալել են հկ-ների գրանցման կանոնների և ծառայողական պարտականությունների խախտման մեղադրանքներով»,- գրում է հեղինակը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում «Եհովայի վկաների» ձերբակալություններին, ըստ տեղական լուրերի, դա «ոստիկանական գործողություն» է եղել միջին տարիքի երկու կանանց և մի դեռահաս աղջկա նկատմամբ, ովքեր թռուցիկներ էին տարածում: Նշվում է, որ նրանց թռուցիկները և ամսագրերը առգրավվել են:
«Բնական է, ադրբեջանական իշխանությունները այդ գործում մեծ փորձ ունեն, սակայն հիմնականում իսլամիստ ծայրահեղականների նկատմամբ են կիրառել»,- գրում է «EurasiaNet»-ը:
Ըստ հոդվածի` «Եհովայի վկաներին» Կովկասում ավելի շատ դիտարկում են որպես «անհարմարություն», քան թե վտանգ: Սակայն Ադբեջանում նրանց թռուցիկները արգելված ջիհադական գրականությանը հավասար առգրավվում են:
Նշվում է, որ Բաքվի դատարանը 2011թ.-ին որոշում է ընդունել, որ «Եհովայի վկաների» գրականության առգրավվումը անօրինական է: «Սակայն, ըստ երևույթին, ոստիկանությունը, որը ջանք չի խնայում Եվրոպայի խորհրդի համար աջակցել «միջմշակութային երկխոսությանը», պարզապես մոռացել էր այդ մասին»,- ամփոփում է հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան