ՄԻԵԴ վճիռ. Ադրբեջանը Իլգար Մամմեդովին ձերբակալել է քաղաքական դրդապատճառներով
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր հրապարակեց Իլգար Մամմեդովն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը։ Panorama.am թղթակիցը Ստրասբուրգից հայտնում է, որ ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, Ադրբեջանի ըննդիմադիր քաղաքական գործիչ և բլոգեր ԻլգարՄամմեդովի ձերբակալման և նախնական կալանքի ժամանակ տեղի են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտումներ, որոնցից են ազատության և անվտանգության (հոդված 5-ի 1-ին կետ), կալանքի վերանայման (հոդված 5-ի 4-րդ կետ), անմեղության կանխավարկածի (հոդված 6-ի 2-րդ կետ), իրավունքների օգտագործման սահմանափակում (հոդված 18)։
Դատարանը համարում է, որ Իլգար Մամմեդովը, ով մշտապես քննադատել է Ադրբեջանի կառավորությանը, ձերբակալվել և կալանավորվել է առանց որևէ ողջամիտ ապացույցների, որոնք կվկայեին նրա կողմից կազմակերպված գործողությունների մասին, որոնք հանգեցրել էին Իսմայիլի քաղաքում հասարակական անկարգությունների։
Դատարանը եզրակացրել է, որ Իլգար Մամմեդովի կալանավորման փաստացի նպատակը նրան լռեցնելն ու պատժելն էր՝ Ադրբեջանի կառավարությանը քննադատելու և կառավարության կողմից գաղտնի պահվող տեղեկատվության հրապարակման համար։
Դատարանի վճռով՝ Ադրբեջանը պարտավորվում է Մամմեդովին վճարել 20 000 եվրո` ոչ նյութական վնասի համար և 2000 եվրո կատարված ծախսերի համար։
Հիշեցնենք, որ Մամմեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ Մամմեդովի ձերբակալումը խիստ քննադատության արժանացավ Եվրոպայի խարհրդի կողմից, այս գործը մշտապես գտնվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսի ուշադրության կենտրոնում։ Մամմեդովի ձերբակալումը քննադատող բանաձև ընդունվեց նաև Եվրոպական խորհրդարանում, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արվում ապահովել ներկայացված մեղադրանքների անհապաղ, արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն: