«Գրանթ Թորոնթոն». Ճգնաժամը լուրջ մարտահրավեր է Եվրոպայի միասնականության համար
Այս շաբաթ կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների շեմին «Գրանթ Թորնթոն»-ի իրականացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ, չնայած սուվերեն պարտքի ճգնաժամի առաջացրած տնտեսական խնդիրներին, եվրոն պահպանում է իր դիրքերը: Այնուամենայնիվ, ԵՄ հիմնադիրներ հանդիսացող Ֆրանսիայում և Գերմանիայում եվրաինտեգրման հետագա աջակցությունը կարծես նվազում է: Սուվերեն պարտքի ճգնաժամը լուրջ մարտահրավեր է Եվրոպայի միասնականության համար. արդյունքում նվազել է գործարարների աջակցությունը եվրաինտեգրման գործընթացին: Իրավիճակից օգտվելով՝ Եվրախորհրդարանում նշանակալի ձեռքբերումների հասնելու մտադրություններ ունեն աջակողմյան հակա-ԵՄ ուժերը:
«Գրանթ Թորնթոն»-ի՝ «Եվրոպայի ապագան» ամենամյա զեկույցը ցույց է տալիս, որ եվրագոտում գործարարների 93%-ը ցանկանում են, որ եվրոն պահպանի իր դիրքերը, և յուրաքանչյուր 4 գործարարներից 3-ը (75%) նշում են, որ միասնական արժույթին անցումը գործել է ի նպաստ իրենց ընկերության շահերի: Վերջին երեք ամիսների ընթացքում եվրագոտում գործարարների լավատեսությունը ևս 8%-ից բարձրացել է՝ հասնելով 25%:
Այնուամենայնիվ, պատկերը այլ է Ֆրանսիայում և Գերմանիայում, որտեղ եվրաինտեգրմանը կողմ արտահայտվողների թիվը նվազել է ի համեմատ նախորդ տարվա: Գերմանիայում այժմ գործարարների միայն 55% է պատրաստ եվրոպական տնտեսական ինտեգրմանը, ինչը 20%-ով ավելի ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ֆրանսիայում այս տարի այդ ցուցանիշը կազմել է 57% (12%-ով պակաս նախորդ տարվանից):
Նմանապես, այս տարի նվազել է նաև ԵՄ քաղաքական ինտեգրմանը աջակցողների թիվը. Գերմանիայում այդ ցուցանիշը կազմում է 53% ի համեմատ 2013թ.-ի 61%-ի, իսկ Ֆրանսիայում ` 35%-ից նվազել է 22%: Ֆրանսիայում և Գերմանիայում եվրաինտեգրմանը կտրականապես դեմ արտահայտվող գործարարների թիվը ավելացել է համապատասխանաբար 9 և 12 տոկոսով:
Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը մեկնաբանում է. «Հետազոտությունը ցույց է տալիս, որ եվրագոտում գործարարների ճնշող մեծամասնությունը դեռևս հավատում է միասնական արժույթի հաջողությանը, քանի որ տարածաշրջանը վերականգնվում է սուվերեն պարտքի ճգնաժամից»:
Զեկույցը ցույց է տալիս նաև, որ մինչդեռ Ֆրանսիայում և Գերմանիայում ԵՄ ինտեգրման աջակցությունը գործարարների շրջանում տատանվում է՝ ճիշտ հակառակը կատարվում է այլ երկրներում: Ավելի սերտ տնտեսական ինտեգրմանը կողմ են արտահայտվել մի շարք երկրներում՝ Լեհաստանում (67%՝ ի համեմատ նախորդ տարվա 54%-ի) և Իտալիայում (61%՝ ի համեմատ նախորդ տարվա 56%-ի): Իռլանդիայում գործարարների 95%-ը կողմ են արտահայտվել եվրաինտեգրմանը, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 68%:
«Անշուշտ, այսօր Եվրոպայում պատկերը շատ ավելի ոգևորիչ է, քան մեկ տարի առաջ: Եվ, գուցե, այս շրջադարձը ոչ մի երկրում այսքան ակհայտ չէ, որքան Իռլանդիայում, որտեղ ֆինանսական օգնության ծրագիրը ավարտվել է և գործարարները ավելի լավատեսորեն են տրամադրված: Դրական միտում է նկատվում նաև այնպիսի փխրուն տնտեսություններում, ինչպիսիք են Պորտուգալիան և Իսպանիան. վերջիններս արտահանման միջոցով փորձում են դուրս գալ տնտեսական ճգնաժամից»:
«Այնուամենայնիվ, Եվրոպան դեռ լիովին դուրս չի եկել դժվար իրավիճակից: Մտահոգության տեղիք է տալիս արժեզրկումը, ինչպես նաև երիտասարդների գործազրկության անընդունելի բարձր մակարդակը: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը նույնպես անորոշություն է առաջացնում: Այդ իսկ պատճառով տարածաշրջանը հզորացնելու և զարգացումը շարունակելու համար պետք է ամեն գնով պահպանել գործարար համայնքի աջակցությունը միասնական Եվրոպային:
Եվ չնայած պաշտոնյաների օրակարգում առաջնահերթ տեղ ունեն ԵՄ բարեփոխումները, հանուն բարեկեցիկ Եվրոպայի նրանք պետք է լսեն ու կիսեն գործարար համայնքի մտահոգությունները», - ամփոփել է պարոն Գյուլբուդաղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները