ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում բացել է համայնքի համար կարևորագույն երկու ենթակառուցվածք
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը մայիսի 21-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացել է համայնքի համար կարևորագույն երկու ենթակառուցվածք` ջրամատակարարման համակարգը և համայնքային կենտրոնը:
Շնորհիվ շահագործման հանձնված ջրամատակարարման համակարգի, որը ներառում է վերանորոգված խորքային հորեր, կառուցված երկու ջրամբար և վերակառուցված ներքին ցանց, համայնքի 330 բնակիչներն արդեն իրենց տներում ունեն կանոնավոր ջրամատակարարում:
Նորակառույց համայնքային կենտրոնն էլ նոր շունչ կհաղորդի համայնքին: Այս համալիր կառույցում կենտրոնացված են գյուղապետարանը, 150 հոգու համար նախատեսված միջոցառումների սրահը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակն ու խաղասրահը: Շենքն ապահովված է էլեկտրական ջեռուցման և օդափոխության համակարգերով:
«Այսօր կրկնակի տոն է մեզ համար: Գյուղում միաժամանակ երկու ենթակառուցվածք ենք բացում, որոնք էապես փոխում են բնակիչների կյանքը: Վստահ եղեք, ձեր ապագան այս հողում է»,- բացման խոսքում ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Ջրամատակարարման համակարգը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի և Բրազիլիայի տեղական մարմինների, համաֆինանսավորմամբ, իսկ համայնքային կենտրոնը` Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագրերը համաֆինանսավորվել են ԼՂՀ կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում է Հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Հանդիսությանը ներկա են գտնվել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հադրութի վարչական շրջանի ղեկավար Վալերի Գևորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:
Այսօր պատվիրակությունը կմեկնի Շուշի կծանոթանա Հիմնադրամի` պատմական քաղաքի վերածննդին ուղղված ծրագրերին. այստեղ կառուցման փուլում են Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն ու Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը: