Հասան Ռոհանի. Իրանցիներն ԱՄՆ-ի ժողովրդի հետ որևէ խնդիր չեն ունեցել և ապագայում էլ չեն ունենա
«Իրանի ժողովուրդը նախորդ տարիներին ԱՄՆ-ի վարած թշնամական քաղաքականության արդյունքում բազմաթիվ խնդիրների առջև է կանգնել»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը չինական «CCTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարին, մասնավորապես նշել է. «Եթե ԱՄՆ-ն փոխհատուցի անցյալում Իրանի ժողովրդին պատճառած վնասները, ապա ապագայում երկու ժողովուրդների ներկայացուցիչների երկխոսության համար նոր պայմաններ կստեղծվեն: Միացյալ Նահանգներն Իրանի ժողովրդի իրավունքները հարգելու ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր կատարեն, իրանցիներն ԱՄՆ-ի ժողովրդի հետ որևէ խնդիր չեն ունեցել և ապագայում չեն էլ ունենա»:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Արևմուտքի խնդիրն այն է, որպեսզի միջուկային ծրագրի կամ մարդու իրավունքների պատրվակով Իրանի վրա ճնշում գործադրի և կասեցնի մեր առաջընթացը, սակայն դա երբե՛ք տեղի չի ունենա: Իրանի ժողովուրդը տարբեր ոլորտներում ներկայացրել է իր կարողությունները և ապացուցել, որ առանց Միացյալ Նահանգների էլ կարող զարգանալ և ձեռք բերել գիտական, հասարական նվաճումներ, և իր քաղաքականությամբ ազդել միջազգային հարաբերությունների վրա»:
Նշենք, որ 2013թ. սեպտեմբերի 28-ին Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում