Թայլանդում հեղաշրջում է տեղի ունեցել
Թայլանդում բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ երկրում իրականացվել է ռազմական հեղաշրջում և իշխանությունն անցել է զինվորականներին: Այդ հայտարարությունը հեռուստատեսություններից մեկի եթերում արել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Պրայուտ Չան-Օչան, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Քաղաքական հակառակորդների միջև բանակցություններն անարդյունք գտնվեցին, իշխանությունը ժամանակավոր կառավարությունից անցնում է Խաղաղության և կարգուկանոնի պահպանման հրամանատարությանը, որը ստեղծվել է երկրում ռազմական դրություն մտցնելուց հետո», - հայտարարել է Չան-Օչան:
Զինվորականները ձերբակալել են քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջ բանակցող կողմերին, որոնք ձևավորվել էին բանակի հրամանատարության կողմից: Բանակցություններին ներկա են եղել հակակառավարական ցուցարարների ներկայացուցիչները, կառավարության կողմից հանդես եկող «կարմիրշապիկավորները», ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը և կառավարող «Պիա տայ» կուսակցությունը:
Թայլանդական հեռուստաալիքները հաղորդում են` հանդիպման մասնակիցները դուրս են բերվել հանդիպման վայրից և տարվել են անհայտ ուղղությամբ:
Այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ իշխանությունն անցնում է զինվորականներին, դադարել են գործել բոլոր տեղական հեռուստաալիքները: Նրանց եթերում ցուցադրվում է զինված ուզերի գերբը:
Հեղաշրջման մասին հայտարարությունից որոշ ժամանակ անց Խաղաղության և կարգուկանոնի պահպանման հրամանատարությունը հայտարարել է պարետային ժամ հաստատելու մասին:
Նոր հաղորդագրության համաձայն` պարետային ժամը գործում է 22:00-ից մինչև 05:00 ողջ երկրի տարածքում: Այս սահմանափակումը տարածվում է նաև զբոսաշրջիկների վրա: