Վարչապետ. Մենք ապագայում ունենալու ենք հզոր Արցախ, հզոր Հայաստան
«Դպրոցական տարիներն ինձ համար հիշարժան տարիներ են եղել, և այն, ինչ այսօր հորդորեցի ապագա սերունդին, մեր շրջանավարտներին, անկեղծ էր: Համոզված եմ՝ եթե լսեն իմ հորդորը, անպայման հաջողություններ կունենան իրենց կյանքում»,- Երևանի թիվ 119 ավագ դպրոցում «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությունը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով, այսօր գիտելիք ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ կան, քան իր ուսանած տարիներին, և իշխանությունը կանի ամեն ինչ՝ ապագա սերունդի կրթման և դաստիարակման անհրաժեշտ միջավայր ստեղծելու համար:
«Նման հանդիպումներից հետո միշտ ոգևորվում եմ և հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունն ունենալու է փայլուն ապագա, և մենք ապագայում ունենալու ենք հզոր Արցախ, հզոր Հայաստան», - ասաց Հ. Աբրահամյանը:
Վարչապետը կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել կանաչ ճանապարհ. «Ես հպարտ եմ ձեզանով՝ մեր ապագա սերունդով, և որպես երկրի վարչապետ շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի լավ աշակերտներ»:
Հաջողության հասնելու համար կառավարության ղեկավարը հորդորել է դպրոցականներին լավ սովորել և փորձառություն ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանը նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին ազգանվեր գործունեության՝ ապագա սերունդներին հայրենասիրական ոգով կրթելու և պիտանի մարդ դաստիարակելու համար: