Աֆրիկայից Արցախ՝ Մաքս Սիվասլյանի օբյեկտիվում (լուսանկարներ)
Ֆրանսիա, Ամերիկա, Աֆրիկա, Չինաստան, Հնդկաստան… Հայաստան ու Արևմտյան Հայաստան, Ղարաբաղ ու ղարաբաղյան պատերազմ: Տարբեր երկրներ, տարբեր քաղաքակրթություններ, տարբեր իրավիճակներ՝ ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվազյանի օբյեկտիվում: Տասնյակ հազարների հասնող լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է դիտարկել որպես մի կյանքի պատմություն:
Panorama.am-ը զրուցել է Մաքս Սիվասլյանի հետ, ով այժմ բնակվում է Երևանում: Նա արմատներով Արևմտյան Հայաստանից է (մայրը Ադանայից, հայրը՝ Ստամբուլից):
-Ինչո՞ւ ձեր ձեռքն առաք լուսանկարչական ապարատը:
-20-21 տարեկան էի, երբ ցանկություն առաջացավ տեսնել աշխարհը: Սկսեցի գնացածս վայրերը լուսանկարել: Այդ ժամանակներից սկսած լուսանկարչական ապարատը մշտապես իմ ձեռքում է: Եթե այն հետս չէ, մի բան, կարծես, պակաս է: Եղել եմ Հնդկաստանում, Չինաստանում, Աֆրիկայում, Ամերիկայում: 1992 թվականին եկա Հայաստան ու միանգամից մեկնեցի Ղարաբաղ, որպեսզի լուսանկարեի ու բոլորին ցույց տայի, թե ինչ է կատարվում այնտեղ:
-Պարոն Սիվասլյան, նախքան Ղարաբաղում լինելը, այլ երկրներում արդյո՞ք ռազմական գործողությունների ներկա եղել եք (լուսանկարելու համար) ու արդյո՞ք պատկերացնում էինք, թե ինչ դժվարությունների առաջ եք կանգնելու:
-Ոչ, մինչ Ղարաբաղը որևէ այլ տեղ ռազմական գործողություններ չեմ նկարել: Բայց եղել եմ տարբեր երկրներում, որտեղ մարդիկ վատ էին ապրում, այսինքն դժվարություններ տեսել էի: Պատրաստ էի նաև պատերազմական դժվարությունները տանել: Ես սկսեցի նկարել ֆիդայիներին: Ղարաբաղում եղել եմ 1992-94 թվականներին:
-Ինչպե՞ս էին նրանք վերաբերվում, երբ դուք նկարում էիք իրենց:
-Երբ ամեն ինչ լավ էր, հանգիստ էր, կռիվ չկար, բոլորն ուզում էին, որ իրենց նկարեի: Սակայն հենց վիճակը վատանում էր, լինում էին զոհեր, վիրավորներ, արդեն չէին ուզում, որ նկարեի, անընդհատ կրկնում էին՝ մի նկարի, մի նկարի: Իհարկե, ինձ համար դժվար էր այդ ամենը: Նույնիսկ մի անգամ, երբ նկարում էի, մի երիտասարդ հրացանը պահեց վրաս: Նա շոկի մեջ էր: Ընկերը կարողացավ նրա ձեռքից վերցնել այն:
-Երբևէ վիրավորվե՞լ եք, պարոն Սիվասլյան:
-Գնում էի վտանգավոր տեղեր, որպեսզի ամեն ինչ կարողանայի նկարել: Մարտակերտի Մեծ Շեն գյուղի գրավման ժամանակ երկու անգամ վիրավորվել եմ՝ արկի բեկորը ծակել-մնացել էր թոքի մեջ, իսկ երկրորդ անգամ` ծնկից: Բուժվեցի Ստեփանակերտում, հետո գնացի Ֆրանսիա: Երեք ամիս անց վերադարձա Ղարաբաղ: Այս անգամ արդեն վախ կար մեջս: Բացի այդ շատ բան էր փոխվել: Զոհվել էին շատ ընկերներ, նաև Մոնթեն:
-Մոնթե Մելքոնյանի մասին ի՞նչ կարող եք պատմել: Նրա հայտնի շատ լուսանկարների հեղինակը հենց դուք եք:
-Մոնթեի հետ ծանոթացել եմ հենց Ղարաբաղում: Սակայն մինչ այդ նրա մասին լսում էի պատմություններ, որոնք լեգենդների էին նման: Երբ հանդիպեցի նրան ու պատմեցի, թե ինչեր եմ լսել իր մասին, ծիծաղեց: Այսինքն նա արդեն իր կենդանության օրոք լեգենդ էր: Նա մեծ ղեկավար էր, շատ լավ տիրապետում էր զենքերին, հարգանքով էր խոսում զինվորների հետ, նրան հարգում էին բոլորը:
-Ի՞նչ պահեր եք գերադասում ֆիքսել:
-Սիրում եմ նկարել ժողովրդին՝ ինչպես են ապրում, ինչպիսի պայմաններում: Դիմանկարներ չեմ անում: Նկարի մեջ փորձում եմ ավելի շատ ինֆորմացիա դնել: Այնպես, ինչպես նկարել եմ Ղարաբաղում, հիմա այդպես չեմ կարող նկարել: Դրանք ավելի շատ վավերագրական նկարներ են:
ՀԳ. Մենք տեղեկացանք նաև, որ Մաքս Սիվասլյանի` Արցախյան պատերազմի արխիվի թվայնացման գործում նրան աջակցում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը: Մանրամասների համար դիմեցինք կենտրոնի աշխատակից Միքայել Յալանուզյանին: Նա պարզաբանեց, որ շուրջ երեք տարի է, ինչ կենտրոնը թվայնացնում և պահպանում է Արցախյան պատերազմի վերաբերյալ տեսանյութեր, լուսանկարներ, թերթերի հրապարակումներ և այլն նյութեր:
«Երբ անցած տարի պարոն Սիվասլյանը մամուլում իր մտահոգությունը հայտնեց իր լուսանկարների արխիվի թվայնացման վերաբերյալ, մենք անմիջապես արձագանքեցինք, ճշտեցինք տեխնիկական չափորոշիչները, կարճ ժամանակում ձեռք բերեցինք անհրաժեշտ սարքը և սկսեցինք աշխատանքը: Արդեն թվայնացված է շուրջ 3500 լուսանկար և այն շուտով կավարտվի: Օրերս պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև մեկ այլ լուսանկարչի` Հակոբ Պողոսյանի հետ և առաջիկայում կսկսենք նաև նրա լուսանկարների թվայնացումը: Մենք շատ ենք կարևորում Արցախյան շարժման և ազատամարտի մասին նյութերի պահպանումը, քանի որ դա մեր նորագույն պատմության ամենակարևոր ու հերոսական դրվագներից է: Օգտվելով առիթից` ուզում եմ հայտնել, որ մեր Կենտրոնը պատրաստ է թվայնացման գործում աջակցել բոլոր այն մարդկանց, ովքեր Արցախյան շարժման և պատերազմի վերաբերյալ ունեն լուսանկարներ, տեսանյութեր, փաստաթղթեր և այլ վավերագրեր»,– ասաց Մ. Յալանուզյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան