ԲՀԿ-ի չմասնակցելը քվեարկությանը քաղաքական բոյկոտ չէր. Մ.Մելքումյան
ԲՀԿ-ի գնահատմամբ` ԱԺ-ին ներկայացրած կառավարության գործունեության եռամյա ծրագիրը հանգրվանային է. այն միջանկյալ ծրագիր է, որի վրա հենվելով կառավարությունը հետագայում ավելի լուրջ քայլեր կկատարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
«Ճիշտ է, մենք չմասնակցեցինք ծրագրի քվեարկությանը, բայց դա քաղաքական բոյկոտ չէր: Մենք չենք խանգարի այն միջոցառումներին, որոնք միտված են արտագաղթի տեմպերի նվազեցմանը, ժողովրդի բարեկեցությանը և խնդիրների լուծմանը, բայց ժամանակը ցույց կտա զարգացումները»,- նշեց նա:
Կարևորը քաղաքական կամքն է, որ կառավարությունը` ի դեմս վարչապետի ու նախարարների, կդրսևորեն ներքին կարևոր հարցերի լուծման գործում:
Անդրադառնալով քառյակի հետագա գործունեությանը, որի հերթական նիստը տեղի է ունենալու հենց ԲՀԿ-ում, Մ.Մելքումյանը մատնանշեց, որ քառյակն իր քաղաքական օրակարգի ձևավորման մեջ ինքնուրույն է, բայց և դատապարտված չէ տանել այն գիծը, որ ունի այս կամ այն քաղաքական ուժը: Կուսակցությունները, ըստ պատգամավորի, ունեն իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները և դա միշտ հաշվի է առնվում քառյակի համագործակցության կոնտեքստում, քանի որ դժվար թե մեկը կարծի, որ կուսակցությունները իրենց շահերը ստորադասեն միասնականությանը:
Ինչ վերաբերում է «պարտադիր, բայց ոչ պարտադրված» սկզբունքին և այն հարցին, թե ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը նման բան չհայտարարեց ու ստիպված եղավ հրաժարական տալ, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ նոր կառավարությունը իրականում բավականին դժվար վիճակում է հայտնվել, քանի որ միջազգային հանրությանը պետք է ցույց տա, որ ռեֆորմների գնացող երկիր է, իսկ մյուս կողմից պետք է գտնի ելք այդ իրավիճակից ու կարողանա հասնել «պարտադիր, բայց ոչ ժողովրդի հաշվին» լուծմանը: