Թուրքիայում ոստիկանության հետ բախման ժամանակ ցուցարար է սպանվել
Թուրքական լրատվամիջոցները գուժում են, որ նախօրեին ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումը ողբերգական ավարտ է ունեցել: Ստամբուլի Օքմեյդան հրապարակում մի խումբ ուսանողներ ոգեկոչելիս են եղել ավելի վաղ ոստիկանների կողմից սպանված 15-ամյա Բերքին Էլվանի հիշատակը, երբ դարձյալ ընդհարում է տեղի ունեցել ուժայինների հետ:
Բողոքի գործողություններին վերջ դնելու համար ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, ինչին ցուցարարները պատասխանել էին նրանց վրա քարեր ու մոլոտովյան կոկտեյլներ նետելով:
Ոստիկանների պատասխան գործողությունների ժամանակ գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել քաղաքացի Ուղուր Քուրթը: Նրան շտապ հոստպիտալացրել էին և կատարել երկու վիրահատություն, բայց ապարդյուն: Բժիշկներին չի հաջողվել փրկել Քուրթի կյանքը:
Ըստ թուրքական «T24»-ի` ենթադրվում է, որ Քուրթին սպանած ոստիկանը հրազեն է գործադրել:
Ստամբուլի նահանգապետ Ավնի Մութլուն Twitter միկրոբլոգի իր էջից ցավակցություն է հայտնել զոհի ընտանիքին: