Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժի կրակոցների մասնակիցներից մեկը` Վալերի Հովհաննիսյանը, որն այժմ կայուն ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նախկինում դատապարտված եղել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Տարածքում կատարվածի համար մեղադրվում է Գոռ Առաքելյանը, որը մեքենայի կայանման շուրջ վեճի մեջ է մտել Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյանի հետ: Առաջացած վիճաբանության արդյունքում Գոռը մի քանի անգամ կրակել է, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այժմ Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է:
Վալերին և Նորայրն այժմ գործով անցնում են որպես վկաներ. Վարդուհի Էլբակյանը Վալերի Հովհաննիսյանի պաշտպանն է: Նորայր Հարությունյանին կպաշտպանի այլ փաստաբան:
Փաստաբան Էլբակյանը ձեռնպահ է մնում կատարվածի վերաբերյալ խոսել, քանի որ բժիշկները թույլ չեն տալիս իր վստահորդի հետ երկար խոսել: Նա ասաց, որ ծանոթ չէ նախաքննության ընթացքում ձեռք բերված որևէ ցուցմունքի, նույնիսկ մեղադրանքի մասին որոշումն իրեն չի ներկայացվել, որպեսզի կարծիք հայտնի այդ կապակցությամբ:
Տիկին Էլբակյանը նաև ասաց, որ Վալերի Հովհաննիսյանը նախկինում դատապարատված եղել է, բայց չգիտե` ինչի համար: Իսկ Նորայր Հարությունյանը ընդհանրապես դատված չի եղել:
Տեղեկությունները, թե Վալերի Հովհաննիսյանը հետախուզման մեջ է գտնվում, ըստ Էլբակյանի, չի համապատասխանում իրականությանը:
«Մարդն ազատորեն ելումուտ է անում: Հաստատապես մեկ բան կարող եմ ասել, որ նա հետախուզման մեջ չի գտնվում: Իսկ իմ գործընկերոջ վստահորդը նախկինում դատապարտված չի եղել: Դա հերթական շտապողականություն դրսևորող լուր է», -հավելեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց