Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունները մեծ տարածում ունեն. էնդոկրինոլոգ
Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունները բավական տարածված են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երևան» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը` անդրադատնալով վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներնի, դրա հետևանքների ու կանխարգելման միջոցների մասին:
Նրա խոսքերով` լեռնային երկրներում յոդի դեֆիցիտը միշտ էլ առկա է, քան ծովային երկրներում, քանի որ յոդի հիմնական աղբյուրը ծովի ջուրն է, որը գոլորշիանում է և թափանցում հողի, ջրի, մրգերի ու բանջարեղենի մեջ:
«Վահանաձև գեղձը արտադրում է հորմոններ, որոնք խիստ կարևոր են օրգանիզմի նյութափոխանակման համար: Վահանաձև գեղձի հորմոնները յոդ են պարունակում, առանց որի օրգանիզմում առաջանում է յոդի պակաս: Այն բնակավայրերում, որտեղ հողի և ջրի մեջ կա յոդի պակաս, շատ մարդիկ ունեն վահանաձև գեղձի հիվանդություններ՝ զոբ (зоб), հանգույցներ, ուռուցքներ, որոնք կարող են ազդել մտավոր և ֆիզիկական զարգացման վրա»,- ասաց էնդոկրինոլոգը` հավելելով, որ յոդի պակասությունից խանգարվում է երեխաների ու դեռահասների աճը, ինչպես նաև կանանց վերարտադրողական ֆունկցիան:
Վահանձև գեղձի հիվանդությունները կարող են նաև անպտղության պատճառ դառնալ:
Ըստ Բ.Բաղրամյանի, վերջին տարիներին Հայաստանում ավելացել են վահանաձև գեղձի հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, սակայն դա կապված է նաև բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացման հետ:
«Այսօր և բժիշկները, և բնակչությունն ավելի տեղյակ են այս խնդրի մասին, ավելի զգոն են և ավելի հաճախակի են սկսել հետազոտվել»,- ասաց Բ.Բաղրամյանը:
Մասնագետի խոսքերով` վահանաձև գեղձի հիվանդությունները հիմնականում հանդիպում են երիտասարդների մոտ, սակայն կանայք ավելի հաճախ են հիվանդանում վահանաձև գեղձի հիվանդությամբ, քան տղամարդիկ:
Բ.Բաղրամյանը նշեց, որ մեծահասակների մոտ խպիպի ժամանակ դիտվում է պարանոցի առաջնային մակերեսի մեծացում, թուլություն, քնկոտություն, դանդաղացած ֆիզիկական և մտավոր գործունեություն, թուլացած հիշողություն և լսողություն, ընկճվածություն, մաշկի չորություն, մազաթափություն, փորկապություն, քաշի ավելացում: Իսկ եթե հանգույցը մեծացած է, ապա այդ դեպքում մարդը սկսում է խեղդվել, հիվանդները չեն կարողանում քնել մեջքի վրա, դժվարանում են կռացած գործ անել և այլն:
Վահանաձև գեղձի բուժումը հիմնականում դեղայքային է, ինչպես նաև լինում է վիրահատական միջամտություն:
Ինչ վերաբերում է սնունդին, Բ.Բաղրամյանը նշեց, որ յոդի պակասը լրացնելու համար զարգացած երկրներում յոդացվում են հավկիթները, կաթնամթերքը, հացը, ձեթը: Մեր երկրում փորձեցին յոդացնել որոշ սննդամթերքներ, սակայն դրանք չսպառվեցին, քանի որ մարդիկ այդքան էլ տեղեկացված չէին:
Նշենք, որ վահանաձև գեղձի շեղումներից են հիպոթիրեոզն ու հիպերթիրեոզը: Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի թերֆունկցիան է, ինչը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, վիժման ու անպտղության: Տղամարդկանց մոտ դիտվում է պոտենցիայի խանգարում, պատանիների մոտ` սեռական հասունացման ուշացում: Եթե հիպոթիրեոզը չի բուժվում, ապա հանգեցնում է հիշողության, մտավոր ու ստեղծագործելու ունակությունների վատթարացման:
Հպերթիրեոզը, ընդհակառակը, վահանաձև գեղձի գերակտիվությունն է, որի դեպքում մշակվում է չափազանց շատ հորմոն: Մարդն ասես այրվում է, չափազանց շարժուն դառնում, ուժգնանում է քրտնարտադրությունը: Չնայած գնալով աճող ախորժակին` հիվանդը նիհարում է, բացի այդ, խախտվում է սրտի գործունեությունը, գեղձը մեծանում է (առաջանում է զոբ) , աչքերը` դուրս ընկնում: