Ս.Սարգսյան. Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, թշնամիներ չեն (Տեսանյութ)
«Դժվար չէ նկատել, թե ինչպես է Հայաստանում զարգանում քաղաքական ու քաղաքացիական դաշտը: Ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր ու հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան և այդ իրավիճակը լավագույնս ներկայացված է խորհրդարանում: Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, թշնամիներ չեն, անգամ եթե նման տպավորություն է ձևավորվել: Մենք կիսելու հայրենիք չունենք, մենք պետք է մեկս մյուսին փոխլրացնենք, որ երկիրը ծաղկեցնենք»,- ՀՀԿ 15-րդ համագումարում հաշվետու զեկույցում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն շարունակելու է ամրապնդել իր դերն ու դերակատարությունը մեր երկրում, բայց դա ամենևին էլ չի պատրաստվում անել այլ քաղաքական ուժերի հաշվին. «Մեր քաղաքականությունը կառուցելու ենք կոռեկտության ու հարգանքի հիմքի վրա` ակնկալելով այլ քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը: Ես քաջ գիտակցում եմ, որ քաղաքական ուժերն այսօր դեռ այն բարձունքի վրա չեն, որ բավարարեն հանրության պահանջները: Դեռ անցնելու մեծ ճանապարհ ունենք»:
Քաղաքական ուժերն, ըստ Սերժ Սարգսյանի, արդեն դիրքավորվում ու վերադիրքավորվում են 2017 և 2018թթ-ի ընտրություններին պատրաստվելով, ինչն ինքը բնական է համարում, բայց կառավարող կուսակցության խնդիրները բոլորովին այլ են, առաջիկա տարիները հսկայական ժամանակ են երկիրը առաջ տանելու համար:
«Դեռ պետք է ապահովենք Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տնտեսական զարգացումը, սոցիալական արդարությունը: Եթե կան ուժեր, որ ընտրությունների են գնում իշխանություններին քննադատելով, ապա իշխող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ` ամենօրյա աշխատանքն ու դրական արդյունքներ, ահա ամենալավ արդյունքները: Բայց չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը ներքաշվի այդ ամենում: Մենք այլ ճանապարհով ենք գնալու»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաև ավելացրեց, որ կառավարության ծրագիրն արդեն պատրաստ է և դրանում փոքր-ինչ նվազեցված են տնտեսական աճի սպասումները գալիք տարիների համար, սակայն ինքը համոզված է, որ կառավարությունը կարողանալու է ավելի մեծ արդյունքներ ցույց տալ, քան նախանշված է:
«Հ.Աբրահամյանն իր փորձով, կառավարման փորձով արդեն հասցրել է դրական սպասելիքներ ձևավորել կառավարության գործունեության առումով և ես համոզված եմ, որ բոլորը տեսնելու են կառավարության աշխատանքի դրական արդյունքները: Ուշադրության կենտրոնում են լինելու նաև կառավարության անդամները, որոնց աշխատանքը չափվելու է կոնկրետ արդյունքներով. թերացողները շատ արագ կփոխարինվեն, քանի որ անփոխարինելի մարդիկ չկան. Մեր կադրային պահուստը շատ ավելին է, քան ոմանք կարող են պատկերացնել»,-հայտարարեց ՀՀԿ նախագահը:
Շարունակեց` մեր քաղաքական համակարգը արդիականացման կարիք ունի, այն գերանձնավորված է, գործադիր իշխանության համակարգն անկատար է, կա գործառույթների ու լիազորությունների հստակ սահմանազատում, ինչը չի նպաստում արդյունավետ կառավարմանը և ժողովրդի վստահությանը:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին և վստահություն հայտնեց, որ այդ գործընթացից հետո ներդրումների ու արտահանման աճի տեպմերը նկատելիորեն բարձր են լինելու, կլինի հասցեական աշխատանք գործարարների ու օտարերկրյա ներդրողների հետ:
«Էական նշանակություն կունենան հատկապես Սահմանադրական բարեփոխումները, որոնք նոր փուլ են երկրում ժողովրդավար համակարգ հաստատելու և իրավական պետություն կերտելու համար: Անկախության ձեռք բերումից հետո, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ավելի քան երկու տասնամյակ անց մենք դեռ չենք հասել այնպիսի հանգրվանի, որ կարողանանք պնդել, թե ժողովրդավարությունը հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները պաշտպանված են, իսկ դատարաններն անաչառ»,- հավելեց նախագահը: