Բան Կի Մուն. Սիրիայի քիմիական զենքը չի հաջողվի ոչնչացնել մինչև հունիսի 30-ը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը շարունակվելու է նաև նշված ժամկետից` հունիսի 30-ից հետո, ինչը նշանակում է, որ չեն կարող ժամանակին ավարտել այն: Այս մասին հայտնում է Kuna լրատվական գործակալությունը:
«Ակնհայտ է, որ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման ծրագրի գործունեությունը շարունակվելու է նաև 2014 թվականի հունիսի 30-ից հետո»,-ՄԱԿ ԱԽ տարեկան զեկույցում գրել է Մունը:
«Այդ ժամանակը թույլ կտա ՔԶԱԿ-ին անհրաժեշտ ընթացակարգեր ներդնել երկրում հետագա ստուգումների անցկացման համար»,-նշել է գլխավոր քարտուղարը` իր անհանգստությունը հայտնելով անցած ամիս Սիրիայում քլոր գազ կիրառման մասին լուրերի կապակցությամբ:
«Ես Սիրիայի կառավարությանը և հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում համագործակցել ՔԶԱԿ առաքելության հետ` քիմիական զենքի կիրառման փաստերը պարզելու համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ՔԶԱԿ գործադիր տնօրեն Ահմեդ Ուզումչուն նախօրեին հայտարարեց, որ Սիրիայից մնացել է դուրս բերել թունաքիմիկատների ընդհանուր պաշարների 7.5 տոկոսը: Դրանք արդեն փաթեթավորվել են և պատրաստ են Լաթաքիա ուղարկելու համար: