Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալի տեղը լինեի, ես էլ կկրակեի. Նախկին ոստիկանապետ
Մարդը ձերբակալվել, կալանավորվել է, օրենքի առաջ պատասխան կտա իր կատարած արարքի համար: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` անդրադառնալով Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք` Վերնիսաժի տարածքում կատարվածի համար մեղադրվում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան` Գոռ Առաքելյանը, որը մեքենայի կայանման շուրջ վեճի մեջ է մտել Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հարությունյանի հետ: Առաջացած վիճաբանության արդյունքում Գոռը մի քանի անգամ կրակել է, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այժմ Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ իրավապահները կպատժվեն անմեղ մարդկանց վրա կրակոցներ արձակած երիտասարդին, բայց նաև պետք է պատժել այն երկու անձանց (նկատի ունի Վալերի Հովհաննիսյանին և Նորայր Հարությունյանին), ովքեր հրահրել են վեճը:
«Չգիտեմ` հիվանդանոցում են, թե ուր են, բայց որ նրանք իրենց շատ վատ են պահել, ոնց որ պատմում են մարդիկ, դա փաստ է: Ամեն մարդ, ցանկացած հանցագործության դեպք մեկնաբանելուց, բնութագրելուց թող ինքն իրեն պատկերացնի տվյալ մարդու դերում: Եթե ցինիզմ թույլ տված մարդու դերում ինքն իրեն չի կարող պատկերացնել, ուրեմն թող փորձի այս մեկի դերում ինքն իրեն պատկերացնել, երբ կնոջ ու երեխայի ներկայությամբ իրեն նսեմացնում ու ստորացնում են», -հայտարարեց Ալիկ Սարգսյանը:
Հարցին, թե ինքն էլ նույն կերպ կվարվե՞ր, Սարգսյանն ի պատասխան ասաց, որ ինքը չի ուզում այդ հարցին պատասխանել, քանի որ իր համար «ընդամենը դժվար է պատասխանելը»:
«Եթե ես իմանայի, որ ֆիզիկականս կների ու առանց զենքի գործադրման այդ երկուսի հարցերը լուծել, հաստատ զենք չէի գործադրի: Բայց եթե ես ստիպված լինեի ու ֆիզիկականս չներեր, ինչի մասին է խոսքը կգործադրեի, իհարկե, իմն օրինական զենք է: Ես իմ օրինական զենքով ինձ կպաշտպանեի», -հավելեց նախկին ոստիկանապետը:
Նրա խոսքով, ցանկացած ցինիզմ այլ մարդկանց նկատմամբ դատապարտելի է:
«Եթե ոստիկանությունը այդ պահին ներկա լիներ, բնականաբար այդ տղան այս վիճակում չէր լինի, ոստիկանությունը անպայման կպատժեր նրանց, գոնե կմիջամտեր, կկանխեր, բայց չի ստացվել, հիմա էս մարդն ի՞նչ անի», -նկատեց նախկին ոստիկանապետը:
Ըստ Սարգսյանի, իր համար զարմանալի են այն հայտարարությունները, թե կրակում-կրակում էր, թող մարդկանց չկպներ:
«Դուք այնպիսի կրակող որտեղ եք տեսել, որ կրակի ու մարդկանց չկպնի: Նա քրեորեն պատժելի արարք է թույլ տվել` հասարակական վայրում ապօրինի պահվող զենքով կրակել է մարդկանց վրա: Վե՛րջ: Բայց սիրելիներս, նայեք նաև մյուս կողմին, իրենք էլ իրենց լավ չեն պահել», -նշեց Ալիկ Սարգսյանը:
Նախորդող հրապարակում՝
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել