ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Crowdfunding-ի՝ որպես ֆինանսական միջոցներ հայթայթելու նոր միջոցի կարևորության մասին (տեսանյութ)
Այսօր աշխարհում գոյություն ունեն տասնյակ հազարավոր մեծամասշտաբ բարեգործական կազմակերպություններ ու հիմնադրամներ, որոնց նպատակը կարիքավորներին օգնելն ու ստեղծագործ մարդկանց աջակցել է: Բարեգործությունը հայ իրականությունում վաղ ավանդույթներ ունի: Դեռևս IV-V դարերում բարեգործական ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքելական եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության գաղափարների ամրապնդմանը: Այսօր ևս գործում են մի շարք հայկական ու միջազգային ծրագրեր, որոնց նպատակը մարդկանց աջակցելն է:
Հայաստանյան իրականությունում բարեգործության համեմատաբար նոր տեսակ է հանդիսանում Crowdfunding-ը (թարգմանաբար сrowd-«հանրություն», funding- «ֆինանսավորում»): Crowdfunding-ը միավորում է մարդկանց, ովքեր կամավոր սկզբունքով պատրաստ են գումար կամ այլ ռեսուրսներ հատկացնել՝ անհատների կամ կազմակերպությունների ծրագրերի իրականացմանն աջակցելու համար: Սովորաբար, այս գործընթացն իրականացվում է համացանցի միջոցով:
Ինտերնետ կոմունիկացիաներն ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն են ընձեռում անհատին իր գաղափարն ու նախագիծը հասու դարձնել միլիոնավոր մարդկանց և, եթե նրանցից յուրաքանչյուրը անգամ չնչին գումար նվիրաբերի, ապա հնարավոր կլինի իրականացնել յուրաքանչյուր՝ նույնիսկ արտաքուստ անհնարին կամ չափազանց բարդ թվացող ծրագիր:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ Crowdfunding-ի մասին
Արևմուտքում Crowdfunding-ը բավականին տարածված երևույթ է: Crowdfunding-ով զբաղվող ամենահայտնի կազմակերպություններից են www.indiegogo.com, www.catapult.org, www.globalgiving.org հարթակները, որոնք ռեկորդներ են սահմանում տարեկան հավաքագրված միլիոնավոր դոլարների ցուցանիշով: Հայաստանում Crowdfunding-ի տարածմանն աջակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«Մենք շատ հետաքրքրված ենք Crowdfunding-ով և դրա ներդրումով Հայաստանում: Կարծում ենք, որ սա շատ լավ գաղափար է անհատ ձեռներեցների, համայնքների, նույնիսկ՝ ֆերմերների համար, որպեսզի նրանք կարողանան դոնորներ գտնել իրենց ծրագրերի համար: Սա շատ լավ հարթակ է մարդ-մարդ համագործակցության համար»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
ԱՄՆ դեսպանը նշեց, որ իրենք փորձում են օգնել անհատ ձեռներեցներին և համայնքներին՝ այս ստեղծարար ֆինանսական միջոցից օգտվելու հարցում: Այդ նպատակով դեսպանատունը փորձում է ցանց ստեղծել տարբեր կազմակերպություններում աշխատող հայերի միջև, որոնք գիտելիքներ ունեն Crowdfunding-ի վերաբերյալ և կարող են օգնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են ավելի արդյունավետ օգտագործել Crowdfunding-ը Հայաստանում և ավելի մեծ հաջողությունների հասնել:
«Մենք փոքրիկ խումբ ունենք դեսպանատանը, որը շատ ինֆորմացիա է հավաքել այս գաղափարի շուրջ: Մենք աշխատում ենք հայաստանյան տեղեկատվական կազմակերպություններից մեկի հետ և փորձում ենք կոնֆերանս կազմակերպել, միգուցե, աշնանը, որպեսզի նրանք կարողանան սովորեցնել բոլոր հետարքրքված անձանց՝ ինչպես պատրաստել իրենց ծրագրի վիդեո մասը»,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ հայաստանյան ծրագրերի մասին ինքը հետևողական կերպով գրառումներ է կատարում Twitter-ի իր միկրոբլոգում:
Ջոն Հեֆերնը նաև նշեց, որ Crowdfunding-ի գաղափարը լավ զարգացած է ԱՄՆ-ում և այնտեղ ավելի քան 650 հարթակներ են գործում, որոնցից շատերը խոշոր գումարների հետ են առնչվում: Ըստ պարոն Հեֆերնի, գոյություն ունեն Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար նախատեսված երեք հարթակներ՝ OneArmenia, Ayo, Boostbloom, որոնք արդեն իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերելակ են տեղադրել, երաժշտական գործիքներ են գնել դասական երաժշտության մանկական նվագախմբի համար, օգնել են ձեռք բերել Բրայլյան տպիչ՝ կույր մարդկանց համար, ծրագրում են վավերագրական ֆիլմ նկարահանել և մի շարք այլ նախագծեր իրականացնել:
ԱՄՆ դեսպանը կոչ արեց ստեղծարար մարդկանց օգտվել Crowdfunding-ի ընձեռված հնարավորություններից, իսկ բարեգործությամբ զբաղվել ցանկացողներին հորդորեց Crowdfunding-ով զբաղվող կայքերի օգնությամբ աջակցել անհատներին՝ իրենց ծրագրերի իրականացման հարցում:
«Crowdfunding-ի հիմնական առավելությունն այն է, որ մարդը կարողանում է ինքնուրույն ղեկավարել ողջ գործընթացը: Միջնորդներ չկան, անձը գումարներ է ստանում ուղղակիորեն նվիրատուներից: Ղեկավարներ ու խանգարողներ չկան, սա մարդը մարդու հետ շփում է: Սա հեշտ գործ չէ, քրտնաջան աշխատանք է»,-հավելեց ԱՄՆ դեսպանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ԱՄՆ դեսպանատան մասնագետը՝ Crowdfunding-ի առավելությունների մասին
«Crowdfunding-ը ֆինանսների հայթայթման համեմատաբար նոր մեխանիզմ է, որը սկսում է կիրառվեն նաև Հայաստանում: Ծրագրի իմաստն այն է, որ գոյություն ունեն որոշակի on-line հարթակներ, որտեղ հնարավոր է տեղադրել ցանկացած ծրագիր, որի համար ծրագրի հեղինակը փորձում է գումարներ հայթայթել: Դա կարող է լինել հասարակական կազմակերպություն կամ անհատ: Աշխարհում գտնվող յուրաքանչուր ոք կարող է ներդրում անել ծրագրի համար: Հաջողության կարևոր նախապայմանը նախագծի՝ մրցունակ ու ճիշտ ներկայացումն է: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փորձում է ֆինանսավորման այս մեթոդը առաջ մղել Հայաստանում, մարդկանց ներկայացնել այն հարթակները, որոնք հնարավորություն են տալիս տեղադրել նախագծերը»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և կոմերցիոն հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այսպիսով՝ Crowdfunding-ը ունիվերսալ հարթակ է, որը հնարավորություն է տալիս անհատներին իրենց հետաքրքիր նախագծերը ներկայացնել հանրությանը, իսկ քաղաքացիներին՝ փոքրիկ ներդրում ունենալ ստեղծագործ մարդկանց գաղափարներն իրականություն դարձնելու գործում: Հուսով ենք, որ նյութական միջոցների հայթայթման այս նոր մեխանիզմը հաջողությամբ կսկսի գործել նաև Հայաստանում՝ իրականություն դարձնելով շատերի երազանքը: