Նկարիչ Առնո Կուռի ստեղծած «Կուռ արտ»-ն ու դիմանկար-բառերը (լուսանկարներ)
Ընդամենը 39 տառ ու դրանցով ստեղծված հարյուրավոր պատկերներ: Ա տառով պատկերված մարդու քիթ կամ բերան, բ-ով՝ աչք կամ ականջ ու այսպես շարունակ: Այս ամենը կարելի է տեսնել նկարիչ Առնո Կուռի ստեղծած արվեստում, որին նա տվել է «Կուռ արտ» անվանումը:
Մեր զրուցակիցն է արվեստի ինքնատիպ գործերի հեղինակ Առնո Կուռը:
-Դուք նկարում եք յուրահատուկ տեխնիկայով՝ այսպես ասած տառերով ստանում եք պատկերներ: Ինչպե՞ս ստեղծվեցին այդ պատկերները, ի՞նչ ճանապարհ անցաք՝ մինչև հասաք «Կուռ արտին»:
-Ես ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիան, նկարիչ-դիզայներ եմ: Ակադեմիան ավարտելուց հետո ցանկացած արվեստագետ սկսում է մտածել, թե ինչ պետք է անի: Հատկապես հիմա ինչ-որ բան սկսելը, անելը, բարդ է, քանի որ այսօր դժվար է որևէ տենդենցի հետևել, որը համարվի ժամանակակից, առաջադեմ: Շատ եմ սիրում հայկական ձեռագրաարվեստը, շատ եմ ուսումնասիրել: Ես փորձեցի մանրանկարներում ոճավորված տառերի դրսևորումները բերել և տեղայնացնել մեր ժամանակներում՝ մի քիչ այլ տեսանկյունով. ես ոչ թե տառն եմ ձևափոխում, որ ստանամ իմ ուզած կերպարը, այլ տառի գծագրությունը, համամասնությունները պահպանելով, չխախտելով, չդեֆորմացնելով՝ կերպարը հարմարեցնում եմ տառին:
Ես տառերին տալիս եմ ազատություն՝ արտահայտելու այն, ինչ արտահայտում են իրենց ձևով: Ինչպես գիտենք, ցանկացած ձև իր բովանդակության մարմնացումն է, արտահայտությունը, մեր Այբուբենը Լեզվի մարմինն է, ուստի այդ հոյակապ մարմինն իր ողջ գեղեցկությամբ ըմբոշխնելու համար կարևոր է, որ այն ի ցույց դրվի իր ողջ մերկությամբ: Մինչև հիմա, երբ մենք տառերը օգտագործում ենք միայն որպես բառեր և տեքստեր գրելու համար, մենք կորցնում ենք հնարավորությունը զմայլվելու այն գեղեցկությամբ, որը երևում է միայն այն ժամանակ, երբ թողնում ես նրանց ազատ, ինչպես մի մահմեդական կին, որի մարմինը թաքնված է երկար ու մեծ զգեստի մեջ, և մենք միայն կարող ենք ենթադրել նրա մարմինի գեղեցկության մասին, քանի, որ այն ազատ չէ, չի երևում և չի անում այն շարժումները, որոնք բնորոշ են իրեն, այլ շարժվում է այնպես, ինչպես բոլորը, ովքեր «կապկպված» են այդ նույն զգեստով:
-Առնո, տառերով ի՞նչ պատկերներ եք ստանում:
-Հիմնականում ստանում եմ դիմանկարներ՝ հնարավորինս քիչ տառեր օգտագործելով և հավատարիմ մնալով այն տառատեսակներին, որոնք օգտագործվել են ձեռագիր մատյաններում՝ բոլորգիր, նոթրգիր, շեղագիր: Տառերը դարձել են իմ վրձինները: Նկարում եմ հետաքրքիր դեմքեր ունեցող մարդկանց, նաև նրանց, ովքեր ցանկանում են: Ստանում եմ նաև պատվերներ: Պատկերներ ստանում եմ և նկարելով, և համակարգչով, նաև ունեմ քանդակներ:
-Դո՞ւք եք «Կուռ արտի»-ի հիմնադիրը:
-Այո, քանի որ մինչ այդ չեն եղել նման պատկերներ ստեղծողներ, որ պատկեր ստանային տառերով՝ պահպանելով տառի ամբողջական ֆորման: Ի դեպ, խոսքը չի վերաբերում այն բանին, երբ տառերը օգտագործվում են որպես կետեր: Վերջերս արդեն երբեմն հանդիպում եմ նման ոճով արված ստեղծագործություններ: Այս փաստն ինձ ուրախացնում է, նախ՝ որպես հեղինակի, ում ստեղծագործությունը շարունակություն է գտնում և հետո՝ հայկական ինքնության ամենակարևոր բաղադրիչը՝ լեզուն և տառերը, դառնում են ժամանակակից արվեստի արտահայտչամիջոցներ: Կոչ եմ անում, որ մարդիկ ստեղծագործեն, փորձեն նկարել այդպես, իհարկե, չմոռանալով հիմնադրին:
-Առնո, արդյո՞ք հայերենի 39 տառերը բավարարում է Ձեր ուզած կերպարները ստանալու համար:
-Այո, բավարարում է: Փորձել եմ նաև այլ տառերով, բայց Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը շատ ճկուն են, հնարավորություն են տալիս ստանալ այն, ինչ ուզում ես: Մեր տառերը շատ գեղարվեստական են, կատարյալ ստեղծագործություններ են իրենց համամասնություններով, մեկը մյուսի հետ ընդհանրություններով: «Կուռ արտ»-ը կարծես լինի միջին արվեստի ճյուղ՝ պոեզիայի և կերպարվեստի միջև: Տառերին ավելի մեծ հնարավորություն եմ տալիս, քանի որ պատկեր ստացած տառերով կարող ենք կարդալ նաև այն, ինչ ցանկանում են տառերը, ոչ թե ինչ ցանկանում ենք մենք:
Դավիթ
-Որտե՞ղ եք ցուցադրում Ձեր ստեղծագործությունները: Վերջին անգամ ե՞րբ եք ցուցահանդես ունեցել:
-Շատ ցուցահանդեսներ եմ ունեցել Եվրոպայում: Երևանում չի եղել հատուկ մեծ ցուցահանդես: Բայց առաջնային նպատակներից մեկն է՝ կազմակերպել մեծ ցուցահանդես այստեղ: «Կուռ արտի» գործերով մի ալբոմ է հրատարակվել «Իմ 39 վրձնահարվածները»: Հայ գրատապության 500-ամյակի առիթով մշակույթի նախարարությունն առաջարկեց համագործակցություն և տպագրվեց իմ գործերի ալբոմը:
-Որպես երիտասարդ ստեղծագործող, Առնո, Հայաստանում ինչպիսի՞ դաշտ է ապահովված աշխատելու, արարելու համար:
-Այն բոլոր ջանքերը, որոնք արվում են պետական մարմինների կողմից, իհարկե, լավ են, սակայն ես այս հարցում այլ խնդիր եմ տեսնում՝ պրոբլեմը մեր հասարակության մեջ է: Այսօր այն վիճակում չենք, որ կարողանանք գնահատել մեր մեջից դուրս եկած արվեստագետին ու նրա ստեղծածը: Մենք դեռ կրկնօրինակողի դերում ենք, ուրիշ տեղ գնահատելուց հետո նոր հասկանում ենք, որ լավ է, ինքնուրույն գնահատող չենք: Այս պարագայում դաշտն ինչպիսին է, արդեն էական չէ: Այդ իսկ պատճառով ես մի քիչ պարփակված եմ, քիչ եմ համագործակցում ստեղծագործողների հետ, չեմ ուզում խմորվել այդ ամենի մեջ:
Վ.Տերյան
Լ.Պավարոտի
Ու.Շեքսպիր
Ս. Դալի
Վազգեն Ա կաթողիկոս
ՀՀ Մասիս
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան