Ադրբեջանում քաղաքական ճնշումների զոհերի ցուցակը
2014թ.-ի մայիսի 21-ի դրությամբ Ադրբեջանում քաղաքական հալածանքների 130 զոհ կա. 41 խղճի դատապարտյալ և 89 քաղբանտարկյալ: Այս մասին, ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության, նշված է «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի»` Ադրբեջանում քաղաքական ճնշումների զոհերի ցուցակում:
Ըստ հոդվածի` հետևյալ ցուցակը կազմելիս «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը» առաջնորդվել է խղճի դատապարտյալների և քաղբանտարկյալների մասին «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից սահմանված հայտնի չափորոշիչներով:
Ցուցակը կազմելիս «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը» տեղեկություն է տալիս յուրաքանչյուր բանտարկյալի մասին, մատնանշելով, թե հատկապես Ադրբեջանի քրեական օրենսգրքի որ հոդվածով են նրան դատել: Այն վկայակոչում է քրեական դատավարության կեղծ լինելը և դատարանի վճռի ապօրինի և անօրինական լինելը:
«Թուրանը» նշում է, որ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը» 2008թ.-ից սկսած պարբերաբար մոնիթորինգի է ենթարկում դատական գործընթացները: Ինստիտուտը մամուլում պարբերաբար հրապարակում է երկրում քաղաքական ճնշումների զոհերի ցուցակը:
Ցուցակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://ft.contact.az/?p=14: