«Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլում 33 աշակերտ է մրցել
Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի է ունեցել «Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Panorama.am-ին այս մասին տեղեկացնում է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Պարգևները հանձնելիս նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ ապագան ընթերցող երեխայինն է: Նա նշել է, որ օլիմպիադան վերածվել է շարժման, որը միավորում է հասարակական և պետական մարմիններին` հանուն մեկ ընդհանուր նպատակի:
«Առանց անձի զարգացման` չկա պետության զարգացում, իսկ անձի զարգացումն առանց ընթերցանության, առանց գիտելիքների պաշարը հարստացնելու, գոյություն չունի: Ուստի, ընթերցասիրությամբ զարգանում ենք անձամբ և նպաստում մեր պետության և հասարակության զարգացմանը: Առանց գիտելիք, վստահեցնում եմ ձեզ, չեք լինի բարեկեցիկ, հարգված և հաջողակ: Գիտելիքը Հայաստանում այլընտրանք չի ունենալու` որպես բարեկեցության, սոցիալական ճանաչման և առաջխաղացման բացառիկ գործիք»,- ասել է նախարարը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ընդգծել է, որ օլիմպիադան դարձել է ազգային համերաշխության հարթակ. «Խորհրդանշական է, որ օլիմպիադան մեկնարկեց Գրատպության 500-ամյակի տարում և ամրագրվեց որպես լավագույն ավանդույթ: Եվ շատ գովելի է, որ երեխաներն իրենց կարողություններով վաստակում են լավագույն մրցանակները` իրենց ընտանիքների և դպրոցների համար»:
Օլիմպիադան անցկացվել է 6-րդ դասարանցիների շրջանում: Եզրափակիչ փուլում մրցել են 33 աշակերտներ:
«Ընթերցման» օլիմպիադայի ընթացքում ժյուրին գնահատել է աշակերտների` սահուն ընթերցելու, ճիշտ հնչողությամբ և շեշտադրմամբ կարդալու կարողությունը:
Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և «Անտարես» հրատարակչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա