Ադրբեջանում յուրաքանչյուր 4 ամուսնություններից մեկը վաղ ամուսնություն է
Ադրբեջանում աճել է ինչպես վաղ ամուսնությունների, այնպես էլ անչափահաս տարիքում ծննդաբերած կանանց թիվը: Այս մասին, ըստ ադրբեջանական «Oxu.az» կայքի, հայտնել է Ադրբեջանի առողջապահության նախարարության մանկաբարձության գիտահետազոտական ինստիտուտի գիտական քարտուղար Լեյլա Մամեդովան:
Նա նշել է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանում գրանցված յուրաքանչյուր 4 ամուսնություններից մեկը վաղ ամուսնություն է:
Ըստ Լ.Մամեդովայի, անչափահաս տարիքում ամուսնությունը խիստ ռիսկային է համարվում. «Քանի որ անչափահասը լրացուցիչ հոգեբանական ճնշման է ենթարկվում: Մյուս կողմից էլ հարցականի տակ է ընկնում վաղ ամուսնացող անչափահասների կրթություն ստանալը: Մեծամասամբ անչափահաս մայրը հեռանում է դպրոցից և հասարակության համար վերածվում տնային տնտեսուհու: 16-17 տարեկան կանանց մոտ, 20-24 տարեկանների համեմատ, թերություններով հղիության և ծննդաբերության հետ կապված հաշմանդամության ցուցանիշները կրկնակի բարձր են»:
Լ.Մամեդովայի խոսքով` 2012 թ. Ադրբեջանում 15-17 տարեկանում պաշտոնապես ամուսնացած կանանց թիվը կազմել է 1533, իսկ 18-19 տարեկանում` 13573:
Իր հերթին, ինչպես հայտնում է ադրբեջանական «1նյուզ.ազ» կայքը, Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Խ.Գուսեյնովան նշել է, որ Ադրբեջանի մի շարք շրջաններում բուհ ընդունվելու համար հայտ ներկայացրած աղջիկ շրջանավարտների թիվը շատ ցածր է:
«Այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ աղջիկներին վաղ են ամուսնացնում»,- նշել է Գուսեյնովան: