Եթե ընդդիմությունը «քըխ» է, ապա կրկնակի «քըխ» է իշխանությունը. ՀՅԴ-ական
«Ես շատ կուզենայի, որ ընդդիմության ու իշխանության մոտեցումները խաչվեին և իշխանությունները նույն ձևով մտածեին, ինչպես մտածում ենք մենք կամ առաջարկում է մեր կուսակցությունը: Բայց ցավոք ես տեսնում եմ, որ դրա հիմքերը չկան»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե իսկապես արդյոք տեսնում է համակարգային փոփոխությունների գնալու պատրաստակամություն իշխանությունների մոտ, որի մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և արդյոք այդ փոփոխությունները խաչվում են ընդդիմության պահանջների հետ ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, ՀՀԿ 15-րդ համագումարում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ շատ են այն հայտարարությունները, որ երկրում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և որ ՀՀԿ-ն պատրաստ է դրանց:
Ա.Մինասյանը բացատրեց իր մտավախությունը, որ դրա հիմքերը չի տեսնում այն պատճառով, որ երբ ընդդիմությունը խոսում էր ընդդիմությանը լրացուցիչ լծակներ տրամադրելու մասին, միանգամից մեծամասնությունը հակադարձեց, թե` մտնեիք կոալիցիա վերցնեիք. «Մինչդեռ մենք խոսում ենք ոչ թե կոալիցիոն իշխանության մասին, այլ դասական իմաստով իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգի մասին, որտեղ ընդդիմությունն ունի պատշաճ վերահսկողական լծակներ իշխանության գործողությունների նկատմամբ: Իսկ եթե պետք է լիներ կոալիցիայի անդամ` իմաստը կորում էր այդ դեպքում, այսինքն անիմաստ է դառնում վերահսկիչ որևէ լծակ տրամադրել այն ընդդիմությանը, որն իշխանության մեջ է»:
Այլ բան, շարունակեց նա, որ քննարկեն, թե նույն վերահսկողության համակարգերում ինչ սխեմաներ կիրառեն, որ միանգամից մեծամասնությունն իրեն թույլ չզգա կամ չվախենա, այսպես ասած, ընդդիմադիր վերահսկողությունից: Նաև թվարկեց մի քանի լուծումներ, որ ըստ իրեն առկա են. «Օրինակ նույն վերահսկողական լծակների ղեկավարման ֆունկցիան տրվում է ոչ թե բուն ընդդիմադիր գործչին, ավելին` մենք նույնիսկ կարող ենք օրենքով արգելել, որ այնտեղ չեն կարող լինել որևէ կուսակցության անդամներ, պարզապես այդ պաշտոնում առաջադրման իրավունքը վերապահվի ընդդիմությանը, իսկ որոշում կայացնողը կրկին լինի Սահմանադրությամբ նախատեսվածը»:
Այն դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ իրենք պատրաստ են այդ վերահսկողական ֆունկցիաները տալ ընդդիմությանը, սակայն «ընդդիմությունը ընդդիմություն չի», ՀՅԴ-ական պատգամավորն արձագանքեց` իսկ դա նշանակում է պատրաստ լինել. «Եթե մենք խոսում ենք դասական համակարգի մասին, ապա եթե իշխանություն չես` ընդդիմություն ես, վերջ: Եվ ընդդիմությունը մի դեմքով չի լինում, ի տարբերություն իշխանության: Եվ եթե իշխանությունը բետոնյա կառույց է, ընդդիմությունը բազմաշաղաղ մի խառնուրդ է, որը կարող է ունենալ շատ ամուր հիմք, կամ չունենալ: Եվ իշխանությանն ու ընդդիմությանը դնել նույն դաշտի վրա և ասել` այ իշխանությունը լավն է, իսկ ընդդիմությունը «քըխ» է, չի կարող նման բան լինել: Եթե ընդդիմությունը «քըխ» է, ապա կրկնակի «քըխ» է իշխանությունը, որովհետև այդպիսի ընդդիմություն կա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան