Տան խուզարկումից հետո մահացել է ձերբակալված լրագրող Միրկադիրովի հայրը
Այսօր առավոտյան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մահացել է պետական դավաճանության մեջ մեղադրվող հայտնի ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի հայրը՝ Գաբիբուլա Միրկադիրովը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Վեստի.ազ» լրատվական գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ նախօրեին հանգուցյալի տունը խուզարկվել էր, իսկ ավելի վաղ Գաբիբուլա Միրկադիրովը ձերբակալված որդու հետ կապված բաց նամակով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Նախօրեին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչության աշխատակիցները մայիսի 23-ին խուզարկել են «Զերկալո» թերթի ձերբակալված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ծնողների բնակարանը, ընդ որում փաստաբանը ներկա չի եղել գործընթացին: Այս մասին գործակալությանը տեղեկացրել է լրագրողի փաստաբան Ֆուադ Ագաևը՝ նշելով, որ խուզարկվել է այն վայրը, որտեղ Միրկադիրովը վաղուց արդեն չի բնակվում:
«Թուրանը» նշում է, որ Ռաուֆ Միրկադիրովի հայրը արդեն 84 տարեկան էր, և որ «երկու ծնողներն էլ տառապում էին տարբեր տեսակի հիվանդություններով»:
Խուզարկմանը մասնակցել են Քննչական ծառայության քննիչը, երեք ոստիկան և երկու վկա: Արդյունքում հետաքննության համար արժեք ներկայացնող ոչ մի իր չէր գտնվել:
Ինչ վերաբերում է լրագրողի գործի հետաքննությանը, այն, ըստ փաստաբանի, արդեն ավարտվել է:
Բացի այդ, ադրբեջանական «Հաքքին.ազ» կայքը տեղեկացրել էր, որ Ռաուֆ Միրկադիրովի զոքանչի բնակարանը նույնպես հետախուզվել է: Լրագրողի փաստաբան Ֆուադ Ագաևը իր զարմանքն էր արտահայտել այս հարցի շուրջ, քանի որ Միրկադիրովը այնտեղ երբեք չէր ապրել:
Նշենք, որ «Զերկալո» ադրբեջանական թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են ապրիլի 18-ին Անկարայում, ըստ ոստիկանության` փաստաթղթերի ժամկետանց լինելու պատճառով: Ապրիլի 19-ին Միրկադիրովին արտաքսել են Ադրբեջան, որտեղ նա անմիջապես ձերբակալվել է և նախնական կալանքի տակ առնվել պետական դավաճանության կասկածանքով: Ապրիլի 21-ին Բաքվի դատարանը նրան երեք ամսվա նախնական կալանք է տվել: Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ. մասնավորապես, նրան մեղադրում են երեք տարբեր վայրերում 2008-ից 2009 թվականներին Հայաստանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիք համարվող ռազմական տեղեկատվության տրամադրման մեջ, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի տեղակայման վայրերի մասին:
Միրկադիրովի ձերբակալությունից հետո մի շարք լրագրողների և հասարակական գործիչների կանչել են հարցաքննության, այդ թվում իրավապաշտպան Լեյլա Յունուսը (ում ամուսնու հետ ձերբակալել են Բաքվի օդանավակայանում), Մաթանաթ Ազիզովան, «Զերկալո» թերթի գլխավոր խմբագիր էլչին Շիխլինսկին և այլոք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում