Կառավարության ծրագրին չեմ կարող գնահատական տալ, չկան չափորոշիչներ, թվեր. Վահագն Խաչատրյան
«Մենք գտնում ենք, որ այս կառավարությունը նախորդի շարունակությունն է և խնդիրը պետք է լիներ ոչ թե կառավարության կամ անձերի փոփոխությունը, այլ անհրաժեշտ էին համակարգային լուծումներ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով կառավարության գործունեությանն ու ներկայացրած ծրագրին:
Նրա խոսքերով, իրականում պետք է հասկանալ, թե արդյոք այս կառավարությունը պատրաստ է այնպիսի մի իրավիճակ ստեղծել, որտեղ կլինի վստահություն իրենց նկատմամբ, ինչպես նաև հասարակության կողմից ընդունելի կլինեն իրենց կողմից իրականացվելիք ծրագրերը:
«Դա նշանակում է, մենաշնորհների վերացում, կոռուպցիայի կրճատում, մրցակցություն: Արդյոք կառավարությունը պատրաստ է այս ամենին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեմ տեսնում կառավարության ծրագրում: Կարծում եմ, որ կառավարության ծրագիրը դեկլարատիվ հայտարարությունների ամբողջություն է»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Նա նշեց նաև, որ որպես մասնագետ ինքը չի կարող նոր կառավարության ծրագրին որևէ գնահատական տալ, քանի որ այդտեղ չափորոշիչներ, թվեր չկան: Ըստ նրա` եթե այս ծրագիրը համեմատենք 2008 թ-ի ծրագրի հետ, ապա տարբերությունը մեծ է:
«Այնտեղ կային և խոստումներ, և թվեր, ինչպես նաև մոտեցումներ: Հիմա նոր կառավարության ներկայացրած ծրագրում այս թվերը չկան: Այս առումով կա մեծ տարբերություն Տիգրան Սարգսյանի և այս կառավարության ծրագրի միջև»,- ասաց Վ.Խաչատրյանը` հավելելով, որ ծրագրում կա երեք կամ չորս թիվ, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե հինգ տոկոսանոց տնտեսական աճը ինչ կարող է տալ ՀՀ քաղաքացուն:
«Թվերի դեպքում պատասխանատվության հարց է բարձրացվում, դրա համար էլ թվեր չկան, որ նման իրավիճակներ չլինեն: Այս ծրագրում մեզ հնարավորություն չի տրվում թվային առումով պատկերացնել, թե ինչ է սպասվում մեզ»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ նոր կառավարությունն արդեն իսկ խուսափում է պատասխանատվությունից, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ այս իշխանության մոտեցումը հենց դա է եղել. պատասխանատվություն չկրել հետագայում իր գործունեության համար:
«Հիմա եթե ասեք, թե ինչու այս ցուցանիշները չապահովեցիք, ապա ինչ պատճառաբանություն ասես կբերեն, օրինակ` ջրհեղեղ, Վենեսուելայում հեղափոխություն, հեղաշրջում: Այսինքն` իշխանությունը չի ցանկանալու իր ոճը փոխել, ցավոտ մեթոդներով տնտեսության առջև ծառացած հարցերը լուծել: Բացի այդ` ծրագրի մեջ հիմնական խնդիր դրված չէ, ասենք արտագա՞ղթ են վերացնում, գործազրկությո՞ւն, թե ուղղակի տնտեսական աճ են ապահովում», -ընդգծեց նա:
Նա միաժամանակ նշեց, որ փիլիսոփայական առումով կառավարության ծրագրում լավ տերմիններ կան, օրինակ` աչալուրջ լինել. «Նոր, հետաքրքիր բառեր կան, որոնք առաջին անգամ եմ լսում»: