Վիգեն Սարգսյան. Հաջորդ տարին լեցուն է լինելու իրենց նպատակին ծառայող ձեռնարկներով
Սփյուռքի նախարարությունը` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպում է կազմակերպել:
Բացմանն այսօր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, պետական հանձնաժողովի անդամ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը կարևորեց աշխատանքները` նշելով, դա միջազգային հարթակում Հայաստանի տեղն ու դերն ընդգծելու հնարավորություն է:
Նա հայտնեց, որ վաղը կայանալու է պետական հանձնաժողովի 4-րդ նիստը` ընդարձակ ձևաչափով, որը գլխավորելու է Հանրապետության նախագահը: Աշխատանքներին հանձնախմբերի անդամներից ու ղեկավարներից բացի մասնակցելու են նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ, դեսպաններն ու գլխավոր հյուպատոսները:
Վաղվա նիստում ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը պատասխանատու է լինելու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրության համար, որեսզի դա ոչ թե զուտ գիտական, այլ շատ ավելի լավ շրջանակներում լինի: Մինչև 2015-ը թանգարանը ներկայանալու է բացարձակապես նոր ցուցադրությամբ:
«Միջոցառումների ծավալը տպավորիչ է, բազմազան է: Հաջորդ տարին լեցուն է լինելու իրենց նպատակին ծառայող ձեռնարկներով: Բացի Հայաստանում կատարվող միջոցառումների կազմակերպումից, մեր նպատակն է օգնել ձեզ` բարձրացնելու ձեր կողմից կատարվող միջոցառումների արդյունավետությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա պատրաստակամություն հայտնեց ամեն ինչ անելու` այդ աշխատանքներին աջակցելու համար:
ՀՀ Սփյուռքի նախարար, պետական հանձնաժողովի անդամ Հրանուշ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվել է 44 տարածաշրջանային հանձնաժողով, հոգևոր կենտրոններում գործում են առանձին կառույցներ, պետական մարմիններում, հայկական կազմակերպություններում գործում են հանձնախմբեր:
«Անցնող երեք տարիների ընթացքում լուրջ, հետևողական աշխատանք է կատարվել: Պետք է առավել ակտիվ, կառուցողական համախմբենք մեր ուժերը, միասնաբար փորձենք հասկանալ այն ամենը, որ միասին իրականացնելու ենք տարածաշրջաններում, համայնքերում: Մտածենք մեր հաջորդ քայլերի մասին»,- ասաց նախարարը:
Նշենք, որ հավաքին զեկույցներով հանդես են գալիս Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչները, հանձնաժողովների և կենտրոնական մարմինների ատենապետերը:
Նախորդող հրապարակում`
Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնախմբերի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ