Պոլիկլինիկական օղակում աշխատավարձերն էականորեն կբարձրանան. Ա. Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է Սպիտակի բժշկական կենտրոնում:
Նախարարը ծանոթացել է հիվանդանոցի` հատկապես վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող բժշկական ծառայությունների ծավալներին, գործիքային և լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև մասնագետներով ապահովվածությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Բժշկական կենտրոնում նա ծանոթացել է սիրիահայ բժիշկ, մանկաբույժ Վարանդ Կիրակոսյանի հետ, ով արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է Սպիտակում:
«Առողջության առաջնային պահպանումը կառավարության գերակա ուղղություններից է, հետևաբար մեզ համար պոլիկլինիկական յուրաքանչյուր խնդրի լուծում կարևոր է։ Հուլիսի 1-ից այս օղակում աշխատավարձներն էականորեն կբարձրանան։ Սակայն դա միաժամանակ ենթադրում է նոր մոտեցումներ և ավելի որակյալ աշխատանք։ Պոլիկլինիկայի բժիշկը պետք է ձգտի իր կողմից սպասարկվող բնակչությանն առողջ պահել և հիվանդությունները վաղ հայտնաբերել»,- Վանաձորում բժշկական հաստատությունների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ ընդգծել է նախարարը։
Կարևորելով առողջ ապրելակերպը` նա առաջնային օղակի բժիշկներին հորդորել է հետամուտ լինել, որպեսզի մարդիկ գոնե տարին մեկ անգամ այցելեն պոլիկլինիկա, ինչը հնարավորություն կտա ժամանակին ախտորոշել սրտանոթային կամ ուռուցքային հիվանդությունները, որոնք մահացության մեծ տոկոս են կազմում: Արմեն Մուրադյանը կարևորել է նաև առողջությունը վտանգող գործոններից խուսափելու վերաբերյալ բնակչության գիտակցության և իրազեկման բարձրացման անհրաժեշտությունը։
Միաժամանակ նշել է, որ բժշկի աշխատանքի որակի ցուցանիշը բնակչության գոհունակությունն է:
Նախարարի ուշադրությունից դուրս չի մնացել նաև կադրերի համալրման խնդիրը: Նա առաջարկել է առաջնահերթ կատարել կարիքների ճշգրիտ գնահատում։
«Նախարարությունը կփորձի մասնագետներով ապահովել, իսկ մարզը` գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի Երևանի բժշկական համալսարանում ուսում ստացող մասնագետները ցանկություն ունենան վերադառնալու և ծննդավայրում աշխատելու»,-ասել է Արմեն Մուրադյանը։
Այնուհետև նախարարը եղել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, որն իրականացնում է մարզի հոգեկան խնդիրներ ունեցող շուրջ 4500 բնակչի դիսպանսեր հսկողություն, իսկ ծավալված 30 մահճակալը բավարարում է, ըստ անհրաժեշտության, նրանց հիվանդանոցային բուժումը կազմակերպելու համար: 1960 թվականին կառուցված շենքում թեև պայմանները բարվոք չէին, սակայն նկատելի էր ղեկավարի սրտացավ ու պատասխանատու վերաբերմունքը, ինչի առթիվ Արմեն Մուրադյանն իր գոհունակությունը հայտնեց:
Առողջապահության նախարարի հաջորդ շրջայցը Վանաձորի բժշկական կենտրոնում էր։ Արմեն Մուրադյանը ծանոթացել է հիվանդանոցի պայմաններին, հագեցածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին։ Նա շրջել է վիրաբուժական և «Սուրբ Նարեկ» մանկական բաժանմունքերում, հետաքրքրվել հիվանդների վիճակով ու բուժման ընթացքով: Նախարարն իր մտահոգությունը հայտնել է այն առթիվ, որ մանկական վերակենդանացման բաժանմունքը ստեղծման օրվանից չի գործում հիմնականում մասնագետների պակասի պատճառով և համապատասխան հանձնարարականներ է տվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա