Ընդդիմությանը որոշակի վերահսկողական լիազորություններ տալու հարցն արդեն քննարկվել է. Դ.Հարությունյան
«Իհարկե որոշակի վերահսկողական լիազորություններ ընդդիմությունը պետք է ունենա, թեև չեմ կարող ասել, որ ընդդիմությունն այսօր բացարձակապես չունի այդ լիազորությունը: Խնդիրը սահմաններն են: Այդ լիազորությունները պետք է ընդլայնվեն, բայց ինչ սահմաններում` առանձին քննարկման հարց է: Այս հարցն արդեն քննարկման առարկա դարձել է»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ մարմիններում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալուն, մասնավորապես ընդդիմությունը կարևորում է Վերահսկիչ պալատը, Դ.Հարությունյանը նշեց, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ, բայց պետք է քննարկեն` այս փուլում իրենք պատրաստ են դրան, թե ոչ. «Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել, հարկավոր է ուղղակի ծանոթանալ այլ երկրների փորձին, ընդ որում այն երկրների, որոնք գտնվում են կուսակցությունների կայացման այն փուլում, որում մենք ենք գտնվում: Եվ շարժվենք ըստ այդմ»:
Նա նաև նկատեց, որ խնդիրը ոչ միայն ընդդիմության մեջ է և իր խոսքում հաստատ մեղադրանք ընդդիմության հասցեին չկար.
«Ցանկացած «չկայացած» բառակապակցություն, որ ես օգտագործում եմ վերաբերում է քաղաքական դաշտին և հավասարապես բոլոր կուսակցություններին: Մենք դեռևս չենք կարողացել կայացնել մեր քաղաքական դաշտը. դա գաղտնիք չէ և նախագահի ելույթում էլ է հնչել այդ մասին»:
Դ.Հարությունյանը մատնանշեց, որ աշխարհում կան նաև հակառակ միտումը. Շատ զարգացած երկրներում քաղաքականությունն արդեն պակաս հետաքրքիր է և ավելի մարգինալ տարրերն են սկսում զբաղվել քաղաքականությամբ, իսկ հասարակության զգալի մասն էլ կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ:
Իհարկե, շարունակեց նա, գործընթացը շրջանակի պես է և շատ շուտով, երբ մարգինալ տարրերը սկսեն լրջորեն զբաղվել քաղաքականությամբ հասարակության զգալի հատվածն էլ նորից կսկսի զբաղվել դրանով. «Մենք այդ փուլին դեռ չենք հասել, դեռ ունենք լուրջ խնդիր կայացնելու, բևեռացնելու քաղաքական կուսակցությունները: Այո, այդ ճանապարհին կան նաև դժվարություններ, որովհետև երկրի առջև ծառացած են շատ լուրջ մարտահրավերներ, և շատ հաճախ գաղափարների, պլատֆորմների առումով կուսակցությունները սկսում են իրարից չտարբերվել»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում կարևորած երկբևեռ քաղաքական դաշտի կայացմանը, Դ.Հարությունյանն ասաց, որ դա միշտ չէ, որ նշանակում է երկկուսակցական համակարգ և այստեղ խոսքը թերևս երկու տարբեր ուղղությունների մասին է, որոնք ներկայացված կլինեն կոալիցիայով, մի խումբ կուսակցություններով, բայց ակնհայտորեն կերևա, թե այդ որ երկու կուսակցական խմբերն են: Թեև ավելացրեց, որ դա չի նշանակում, թե որևէ կուսակցություն չի կարող մի բևեռից մյուսն անցում կատարել: