Բուհերում դիմորդների թիվը պակասել է
Դիմորդների թիվը պակասել է թե պետական, թե մասնավոր բուհերում. վերջին տարիներին նվազում է հանրակրթական դպրոցներ ավարտող շրջանավարտների թիվը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը հայտնեց, որ ԵՊՀ դիմել է 2200 դիմորդ` անցած տարվա համեմատ 400 դիմորդով պակաս:
«Ընդհանուր 81 բուհերի դիմորդների թիվը պակասել է երկու հազարով: Դրական միտումը պահպանվել է ինֆորմատիկա, կիրառական մաթեմատիկա, պատմություն, միջազգային հարաբերություններ հանրային կառավարում, լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն, իրավագիտություն մասնագիտությունների դեպքում: Բնագիտական ֆակուլտետներում դիմորդների թվերը շատ վատ են: Բացասական միտում ունի նաև փիլիսոփայություն, հոգեբանություն, արվեստաբանություն, ռուսաց լեզու, արևելյան լեզուներ, աստվածաբանություն, եկեղեցաբանություն մասնագիտությունների դիմորդների թիվը»,- ասաց ԵՊՀ ներկայացուցիչը:
Նա նկատեց, որ այս տարվա բակալավրիատի գործերի ընդունելության փուլը սկսվել է մայիսի հինգից և կտևի մինչև հունիսի մեկը: Հունիսի 25-ից հուլիսի 2-ը կսկսվի դիմում-հայտերի ընդունելության երկորդ փուլը՝ բանակից զորազրված, միջին մասնագիտական և արհեստակցական կրթություն ստացածների, օտարերկրացիներ և այլ խմբերի համար:
Այս տարի դիմորդների թվաքանակի նվազում կա նաև Մ. Խորենցու անվան համալսարանում, իսկ ռեկտոր Արթուր Աղաբաբյանը դժվարանում է բացատրել, թե ինչու:
«Վերջին մի քանի տարիներին եղել է բավարար կայուն վիճակ: Անցած տարվա այս օրերի համեմատ նվազեցում նկատվում է: Եթե 57 դիմորդ կար անցած տարվա այս ժամանակահատվածում իջել է 38-ի: Սա մտահոգիչ է: Ամեն դեպքում այս տարի ևս հույս ունենք ընդհանուր քանակը ապահովել»,- ասաց նա:
Բուհի ռեկտորը հավելեց, որ իրենց մոտ անցած տարի որոշակի չափով վարձավճարները կարգավորվել են, այս տարի վարձավճարի որևէ փոփոխություն չի եղել:
Panorama.am-ի հարցին` արդյո՞ք դիմորդների թվի պակասը պայմանավորված է ավագ դպրոցների մոդելի կիրառման հետ, և շատ ուսանողներ պարզապես հիմնական դպրոցն ավարտելուց հետո չեն շարունակում կրթությունը, ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը պատասխանեց, որ դա պատճառներից մեկը կարող է լինել: Նա դիմորդների թվի պակասը պայմանավորեց նաև քոլեջների մակարդակի բաձրացմամբ, ինչի հետևանքով շատերը այդտեղ սովորելուց հետո համարում են, որ նորմալ կրթություն ստացել են և չեն դիմում բարձրագույն ուսումնական հաստատություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա