Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու հրավեր է ստացել
Մայիսի 29-ին սպասվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար Սերժ Սարգսյանին նիստի կազմակերպիչների կողմից հրավեր ուղարկվել է, սակայն տեղեկություն չկա, թե վերջինս կմասնակցի՞ այդ նիստին, թե ոչ: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին, ով նիստին մասնակցելու է որպես փորձագետ:
Վերջինս հայտնել է, որ նիստի կազմակերպչական հարցերի վերաբերյալ այդքան էլ տեղեկացված չէ:
«Գիտեմ, որ հրավեր եղել է, սակայն թե ովքեր և ինչ ձևաչափով կմասնակցեն՝ չգիտեմ»,-ասել է ԵՏՀ-ի ներկայացուցիչը պատասխանելով թղթակցի հարցին, թե ներկա լինելո՞ւ է այդ նիստին Սերժ Սարգսյանը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանի հետ երեկ թերթին չի հաջողվել կապ հաստատել, քանի որ, ինչպես տեղեկացրել են նախարարության լրատվական բաժնից, նա մեկնել է Աստանա մասնակցելու ԵՏՄ-ի նիստին: