Սենատոր Լևին. Պետք է ապացուցենք, որ Հիտլերը սխալ է և Հայոց ցեղասպանությունը կոչենք Ցեղասպանություն
Սենատոր Կառլ Լևին Հայոց ցեղասպանության և Հայաստանին հատկացվող օժանդակության հարցերում ԱՄՆ հայ համայնքին ցուցաբերած բազմամյա ու մշտական աջակցության համար արժանացել է «Հայաստանի ոգին» մրցանակին: Այս մասին տեղեկացնում է «The Armenian Weekly»-ն:
Միջոցառումը տեղի է ունեցել Դիրբորնում, Միչիգան: Մրցանակը սենատորին է հանձնել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արևելյան ափի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը:
Սենատոր Լևին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակը, առաջիններից մեկն է հանդես եկել ԼՂՀ անկախության ճանաչման օգտին ու Ազատության մասին ակտի ուղղումներին, որով արգելվում է օժանդակությունն այն երկրներին, որոնք արգելափակում են ԱՄՆ օգնությունը:
«Լինելով հրեա, ես իմ կյանքի ընթացքում հիշել եմ Հիտլերի բառերը, երբ նա ծրագրում էր իմ ժողովրդի բնաջնջումը: Մենք պետք է ապացուցենք, որ Հիտլերը սխալ է և Հայոց ցեղասպանությունը կոչենք Ցեղասպանություն: Դրա մասին խոսելու ձախողումը խրախուսում է նրանց, ով ձգտում է իշխանության մեկ այլ ազգի բնաջնջման միջոցով »,-նշել է Լևինը:
Հայ համայնքի երկու ներկայացուցիչներ՝ Օնիկ Խաչիկյանն ու Ջոն Մանուկյանը, ստացել են Eagle մրցանակը Դիրբորնի հայ համայնքին բազմամյա աջակցության համար: