Ռուս քաղաքագետ. Տպավորությունը, թե ղարաբաղյան հակամարտության լուծումը մոտ է, խաբուսիկ է
Դժվար թե հիմա լավ պահ է ղարաբաղյան հակամարտության ակտիվ կարգավորման համար, համենայնդեպս քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը չի կարգավորվել: Այս մասին ադրբեջանական «Դեյ.ազ» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում ասել է «Ռուսաստանի ռազմավարական ազգագրության կենտրոնի» տնօրեն, Սանկտ-Պետերբուրգի Հանրային պալատի ազգամիջյան համագործակցության կոմիտեի ղեկավար Վիտալի Տրոֆիմով-Տրոֆիմովը:
Մեկնաբանելով այն կարծիքը, թե մոտակա ժամանակներս Մոսկվան «լրջորեն կզբաղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ` նպատակ ունենալով շարժել այն քարացաց վիճակից», ռուս քաղաքագետը ասել է, որ նման խոսակցությունները տարվում են «վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների համընդհանուր ֆոնին»:
Ըստ փորձագետի` կարող է տպավորություն ստեղծվել, թե ղարաբաղյան հակամարտությունը արագ լուծում կստանա, և որ գործընթացը սկսելու համար բավական է միայն ազդեցությունը, հեղինակությունը և ուժը գործադրել ճիշտ ուղղությամբ:
«Սակայն տպավորությունը խաբուսիկ է: Այն փաստը, որ մինչ այժմ հակամարտությունում առաջընթաց չի գրանցվել, վկայում է այն մասին, որ հակամարտության լուծմանը թեթևամիտ չի կարելի մոտենալ: Լեռնային Ղարաբաղը հին և բարդ հակամարտություն է, որը շատ նուրբ մոտեցում է պահանջում»,- ասել է «Ռուսաստանի ռազմավարական ազգագրության կենտրոնի» տնօրենը:
Անդրադառնալով նավթի և գազի հետազոտման և արտադրության համատեղ ծրագրերի մասին ռուսական «Роснефть»-ի և ադրբեջանական «SOCAR»-ի միջև կնքված համաձայնությանը` փորձագետը նշել է, որ «դեռ վաղ է խոսել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության նոր մակարդակի մասին»:
«Ռուսաստանի ներկայությունը Ադրբեջանի նավթային ոլորտում հնարավորություն է կանխատեսել ներգրավածությունը նավթային մեծ մրցակցության մեջ: Հավանական է, որ Ռուսաստանի պատասխան բարեկրթությունը կլինի այն, որ Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի փոքր և միջին բիզնեսը ոչ մեծ արտոնություններ կստանա»,- գտնում է նա:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին` փորձագետը նշել է, որ եթե Բաքուն և Մոսկվան պայմանավորվել են նման լուրջ զինամթերքի ապահովման շուրջ, ապա դա առնվազն նշանակում է, որ պետք է հույս ունենալ աշխարհաքաղաքական խնդիրների ավելի արդյունավետ լուծման համար. «Կասպից ծովի կարգավիճակը, Հարավային Կովկաս ամերիկյան զորքերի մուտքի խափանումը, իսլամի ծայրահեղական ուժերի դեմ պայքարը, անհավանական, սակայն դեռ հնարավոր ԱՄՆ Իրան ներխուժման դեպքում Կովկասի պաշտպանությունը ավերիչ իրադարձություններից, հետագա քաղաքացիական պատերազմը և այլն»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում