ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում ընդունելությունը հեշտացվել է
Դիմորդների թվի պակասի պատճառով Երևանի պետական համալսարանում ընդունելությունը մի շարք ֆակուլտետներում հեշտացվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ հինգ մասնագիտություն պակասել է, մեկը` ավելացել:
Նա նշեց, որ բնագիտական ֆակուլտետների մասնագիտությունների համար փոփոխություն է եղել: Մեկ առարկա հանձնելով, մյուսն էլ դպրոցի ավարտական գնահատականը փոխանցելով կարելի է ընդունվել վճարովի համակարգ: Իսկ նախկինում պարտադիր քննություններ հանձնում էին և Ֆիզիկա, և Մաթեմատիկա առարկաներից:
Ռոմանական լեզուների մասնագիտությունների դիմորդները, բացի Անգլերեն բաժնից, կարող են ընդունվել ֆակուլտետ` փոխանցելով Անգլերենի ավարտական քննության գնահատականը:
Հայ բանասիրական ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն մասնագիտության համար հանվել է Հայոց պատմություն կամ Անգլերեն առարկայի քննությունը: Նույնը կատարվել է Ռուսաց լեզու և գրականություն մասնագիտության համար. այստեղից դուրս է եկել Հայոց լեզու և գրականություն առարկայի քննությունը:
«Իհարկե դա որոշ չափով կազդի մակարդակի նվազեցման վրա: Բայց մենք էլ շարժվում ենք եղած իրավիճակից ելնելով: Հույս ունենք, որ կգան լավ ժամանակներ ու նորից կսկսենք մտցնել երրորդ առարկան: Ֆինանսական խնդիրներ կան. առանց այդ էլ ԵՊՀ-ն իր բյուջեից բավական մեծ տոկոսներ է հատկացնում աշխատավարձի համար: Զարգացման համար էլ պետք է գումարներ լինեն»,- ասաց նա:
ԵՊՀ ներկայացուցիչը վստահեցրեց, որ ուսման ընթացքում ամեն ինչ արվելու է, որպեսզի ուսանողները լավ կրթություն ստանան և այդ բացը լրացվի:
«Մյուս նորությունն այն է, որ Կառավարության որոշմամբ, Պաշտպանության նախարարության պատվերով Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա մասնագիտությամբ պատրաստելու ենք 15 մասնագետ, որոնք ավարտելիս ստանում են լեյտենանտի կոչում, հինգ տարի պայմանագրով աշխատում են նախարարության կապի ստորաբաժանումներում»,- ասաց Վաչագան Գալստյանը:
Այս ֆակուլտետի դիմորդները սովորելու են անվճար համակարգում, տարկետման իրավունքով: Ուսմանը զուգահեռ նրանք երրորդ և չորրորդ կուրսերում ռազմական պատրաստություն առարկան են անցնելու:
Կարդացեք նաև`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա