«Հիշում եմ և պահանջում» կարգախոսն ու Անմոռուկ ծաղիկն իր խորհրդանշական իմաստով 2015 թվականին կուղեկցեն բոլորին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսն է լինելու «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը` Անմոռուկ ծաղիկը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը:
«Հատուկ ընդգծված անհատականացված կարգախոս է, որպեսզի այն արտասանելիս հիշենք մեր ընտանիքների պատմությունը, մեր վերապրած ողբերգության պատմությունը և այն պահանջը, որ տեսնում ենք այս համատեսքում, ներկայացնենք ամբողջ աշխարհին»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է խորհրդանիշին, Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ պետական հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ, որն անցկացրել է մրցույթ: Ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության նախապատրաստած խորհրդանիշը` Անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու:
Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ` մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին և սև: Ընտրված գույները, ըստ Վ. Սարգսյանի, նույնպես խորրդանշական են. անցյալի, ներկայի ու ապագայի խորհուրդն ունեն:
Սև գույը խորհրդանշում է եղեռնի սարսափներն ու հիշողությունը ցեղասպանության մասին` անցյալ: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը բոլորին հոգեհարազատ գաղափարին համամասնակից լինելն է` ներկա: Որպես խորհրդանշանի գերակշռող գույն մանուշակագույնը լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք հանդիսացող հայ եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում` ապագա: Դեղին գույնով պատկերված է ապրելու և արարելու հույս պարգևող արևի լույսը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձև դասավորված 12 մույթերի տեսքով` հավերժություն:
Ծաղկի հինգ թերթիկները այն հինգ մայրցամաքներն են, որտեղ հայ գաղթականները հայտնվեցին` ստեղծելով հայկական համայնքներ` ձևավորելով հայկական սփյուռք:
Խորհրդանշանի տեսքով լինելու են կրծքանշաններ, շապիկներ, ժապավեն: 2015 թվականի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող երթերի, միտինգների մասնակիցներին և սովորական անցորդներին կբաժանվեն հատատված լոգոտիպով ու կարգախոսով հատուկ պատրաստված և հեշտորեն հագուստին ամրացվող հուշաժապավեններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան