Վիգեն Սարգսյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունվելու է համահայկական հռչակագիր
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունվելու է համահայկական հռչակագիր, որում ներառվող սկզբունքային մոտեցումներն այսօր քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ընթացքում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը:
«Այսօր քննարկվել են այն սկզբունքային մոտեցումները, որոնք նպատակ ունենք արտացոլել այդ հռչակագրում: Հռչակագրում լինելու է նաև այն հիմնական ուղղությունների նկարագրությունը, որոնցով իրականացվելու են 2015 թվականի միջոցառումները և այն նպատակները, որոնց այդ միջոցառումները ծառայելուն են»,-ասաց նա` հավելելով, որ հռչակագրի տեսքը կհրապարակվի 2015 թվականի սկզբին:
Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց. առաջին հարցը վերաբերում էր 100-րդ տարելիցի քաղաքական համատեսքին, երկրորդը` տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքներին, երրորդը` 2015 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրին:
«Մենք հիմնականում մեր ջանքերը կենտրոնացնելու ենք գիտական, կրթական մշակութային միջոցառումներ անցկացնելու ուղղությամբ, լինելու են ցուցահանդեսներ: Նպատակ ունենք Հայոց ցեղասպանության թեման ներկայացնել ավելի լայն համատեսքում»,- ասաց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վ. Սարգսյանը:
Ըստ նրա, Հայաստանն անկախության հենց առաջին օրվանից եղել է առաջամարտիկ այդ գործում, մեծ ջանքեր է ներդրել միջազգային ատյաններում, հատկապես ՄԱԿ-ում Ցեղասպանության դատապարտմանն ուղղված գործիքների, մեխանիզմների արդիականացման, նաև համապատասխան քաղաքական հայտարարությունների ընդունման առումով. «Այդ գործունեությունը շարունակվելու ու արտացոլվելու է բոլոր միջոցառումներոմ, որոնք մենք իրականացնելու ենք 2015 թվականի ընթացքում»:
Վ. Սարգսյանը կարևորեց տարածաշրջանային հանձնախմբերի դերը միջոցառումների կազմակերպման գործում, իսկ պետական հանձնախումբն աջակցություն է ցուցաբերելու նրանց ծրագրերին:
«Տպավորիչ միջոցառումներ են նախապատրաստվել: Միջոցառումները կոչված են լինելու ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերին, այլ նաև մեծարելու ու հարգանքի տուրք մատուցելու վերապրելու այն գաղափարին, որ մեր պապերն ու ծնողները դրեցին ցեղասպանությունից հետո ազգի վերածննդի հիմքում»,- նշեց նա:
Վ. Սարգսյանը նաև հայտնեց, որ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը մի շարք միջազգային մշակութային միջոցառումներին:
Նա նաև տեղեկացրեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանյան Առաքելական եկեղեցին որոշում է կայացրել 2015 թվականին անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման և մյուռոնօրհնեքի արարողություններ:
Վ. Սարգսյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը բավականին ներկայացուցչական կազմով է անցկացվում, քանի որ այս տարվա ընթացքում վերջինն է. «Մեր խնդիրն է համաձայնեցնել թե հայեցակարգային մի շարք մոտեցումներ, թե գործնական քայլեր, որոնք պետք է արվեն մինչև 2015 թվականի մեկնարկը»:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովիը ստեղծվել է երեք տարի առաջ Հայաստանի նախագահի հրամանագրով:
Նախորդող հրապարակում`
Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ. Սերժ Սարգսյանի ելույթը