Ակնկալվում է բավականին խոնավ հունիս ու ոչ շոգ ամառ
Մինչև մայիսի 29-ը հանրապետության տարածքը գտնվելու է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով այսօրվանից մինչև մայիսի 29-ը շրջանների զգալի մասում, մասնավորապես` երեկոյան և գիշերը կդիտվի անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հիդրոմետծառայության» օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքերով` մայիսի 30-ին և 31-ին տեղումները հիմնականում կպահպանվեն լեռնային շրջաններում: Օդի ջերմաստիճանը, ըստ նրա, էապես չի փոխվի. Արարատյան դաշտավայրում և մայրաքաղաքում կգրանցվի 13-14, ցերեկը` 24-25 աստիճան տաքություն:
Մայիսի 30-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը և հանրապետություն կթափանցեն արևադարձային տաք հոսանքներ, և մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով` մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում հասնելով 33-34 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում` մինչև 36 աստիճան:
Ըստ կանխատեսումների` հունիսին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կլինի նոմայից 1 աստիճանով ցածր, տեղումների քանակն էլ նորմայից ավելի կլինի: Գ.Սուրենյանի խոսքերով` հատկապես տաք կլինի հունիսի առաջին տասնօրյակը. Արարատյան դաշտում, Սյունիքում և Տավուշում օդի ջերմաստիճանը կբարձրանա 34-35 աստիճանով, իսկ երկրորդ տասնօրյակում օդի ջերամստիճանը համեմատաբար ցածր կլինի:
Նշվեց նաև, որ հունիսին տեղումների քանակը լինելու է նորմայի սահմաններում և ակնկալվում է բավականին խոնավ հունիս:
Ինչ վերաբերում է ամռան կանխատեսումներին, ապա Գ.Սուրենյանը նշեց, որ դրանք դեռ պատրաստ չեն:
«Ամեն դեպքում, Հայաստանում շոգ ամառ չենք սպասում»,- ասաց նա:
Ներկայացնելով մայիս ամսվա տվյալները, Գ.Սուրենյանն ասաց, որ, մայիսի առաջին տասնօրյակում հանրապետությունում տեղումները համեմատաբար քիչ էին, արդյունքում օդի ջերմաստիճանը եղել է նորմայից բարձր: Առանձին օրերին նկատվել է օդի ջերմաստճանի կտրուկ բարձրացում, Մեղրիում նույնիսկ օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 37 աստիճան, իսկ Երևանում և Արարատյան դաշտում գրանցվել է 33 աստիճան տաքություն:
Նրա խոսքերով` մայիսի 10-ից մինչ օրս հանրապետությունն անընդհատ գտնվում է սևծովյան ցիկլոնների ազդեցության գոտում, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում դիտում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ առանձին հատվածներում` կարկուտ:
Իսկ օդի ամսական ջերմաստիճանը, ըստ նրա, նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով:
Ինչ վերաբերում է ձյան ծածկին, ապա Գ.Սուրենյանի խոսքերով, եթե նախորդ տարի մայիսի 27-ին Արագածում ձյան ծածկը կազմում էր 1 մետր 2 սմ, ապա այս տարի ձյան ծածկն արդեն բացակայում է, այսինքն` այս տարի ձյան պաշարները բավականին քիչ են:
Ջրամաբարների լցվածությունը ևս շարունակում է քիչ մնալ, մասնավորապես, Ախուրյանի ջրամբարը լցված է 51 տոկոսով, Արփի լիճը` 38%-ով, Ազատի ջրամբարը`67 %-ով, Ապարանի ջրամբարը` 26%-ով: Ջրամաբարների ծավալը բացթողումից հետո գրեթե չի փոխվել, ինչը պայմանավորված է վերջին օրերի առատ տեղումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները