Աբխազիայում ընդդիմությունն հայտարարել է իշխանությունը վերցնելու մասին
Աբխազիայի ընդդիմության առաջնորդներից Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, թե երկրի կուսակցությունների և հասարակական շարժումների համակարգող խորհուրդը ստանձնում է հանրապետության կառավարումը: «Ռիա Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, ընդդիմությունը պահանջում է ճչանաչված հանրապետության նախագահի հրաժարականը:
Մինչ այդ, Սուխումի քաղաքում կառավարական շենքերի առջև կայացած ցույցի մասնակիցները պահանջել էին իշխանական համակարգի բարեփոխումներ և դժգոհություններ հայտնել ղեկավարության գործողությունների առնչությամբ:
Երեքշաբթի երեկոյան ընդդիմության ներկայացուցիչները վերահսկողություն են սահմանել նախագահական պալատի նկատմամբ, իսկ ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան իր կողմնակիցներին կոչ էր արել չլքել հրապարակն ու հայտարարել, թե «ընդդիմությունը ստանձնում է երկրի ժամանակավոր կառավարումը»:
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշել էր, թե իշխանություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի «զարգացումներն ընթանան օրինական հունով»:
«Ես որևէ տեղ չեմ մեկնել: Գտնվում եմ Աբխազիայում: Անվտանգության խորհրդի հետ քննարկում ենք զարգացումների տարբերակներ: Իմ և գործընկերներիս գործողությունների նպատակն է կանխել դեպքերի այնպիսի ընթացքը, որը ճիշտ չէր լինի մեր երկրի համար», - գործակալությունը մեջբերում է հեռուստաուղերձում հնչեցված նախագահի խոսքերը:
Վերջին տեղեկությունների համաձան, իշխանության ներկայացուցիչների և համակարգող խորհրդի միջև բանակցություններ են ընթանում իրավիճակը կայունացնելու և հանգուցալուծելու նպատակով: