ԵԽԽՎ հանձնաժողովը Սաֆարովի արտահանձնումը դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել
ԵԽԽՎ՝ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը՝ այն որակելով որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի մտադրությունների սկզբունքի խախտում»: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Բանաձևի նախագիծն ընդունվել է Վեհաժողովում Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա:
Կոնվենցիան պահանջում է դատապարտված օտարերկրացիներին հանձնել իրենց հայրենիքին: Դրա նպատակը մարդասիրական է և միտված է դատապարտյալների՝ հասարակությանը վերաինտեգրելուն ու վերականգնման հեռանկարներին:
ԵԽԽՎ կոմիտեի բանաձևի նախագծում մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար: Սաֆարովը դատապարտվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին ժամանակ հայ սպայի սպանության համար: Ադրբեջան վերադառնալուց հետո Սաֆարովին դիմավորել են որպես հերոսի, անհապաղ ներում շնորհել, հունգարական դատարանի կողմից նշված նվազագույն պատիժը չկրելով, բարձրացվել է կոչումն ու այլ պարգևների արժանացել:
Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»:
Կայքից տեղեկանում ենք, որ բանաձևի նախագիծը ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանը 2014թ. ընթացքում:
Հիշեցնենք, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը:
Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին: Հայաստանը, իր հերթին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն ի պատասխան, կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան