Ա.Կասաև. Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման հարցում ռուսական ԶԼՄ-ները անկողմնակալ են
«Ռուսաստանցիներին ու ռուսաստանցի ընթերցողներին որևէ հակամարտություն, այդ թվում և ղարաբաղյան, որը ուղղակիորեն կապ չունի Ռուսաստանի հետ, հետաքրքիր չէ »,- Մոսկվայում Հարավային Կովկասի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե որքանով է ռուս ընթերցողին հետաքրքիր ղարաբաղյան հակամարտության ընթացքն ու դրա զարգացումների մասին տեղեկատվությունը, հայտարարեց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության նախկին ղեկավար, լրագրող Ալան Կասաևը:
Նրա խոսքով, այդ կարգի տեղեկատվության հասցեատերը հիմնականում հայ և ադրբեջանական համայնքներն են և ԶԼՄ-ները քաջ գիտակցում են, որ համայնքներն ու դրանց հետաքրքրությունները պետք չէ անտեսել:
Ա.Կասաևը այդ թեմայի հանդեպ հետաքրքրությունն առանձնացրեց նաև մեծ խումբ փորձագետների, քաղաքագետների համար ևս, որոնց այս կամ այն պատճառով հետաքրքիր է տեղեկանալ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե կողմերից որի շահերն են հիմնականում արտացոլվում ռուսաստանյան լրատվամիջոցներում, Ա.Կասաևն արձագանքեց. «Այս իմաստով երկու հանգամանք կկարևորեի. նախ, ցավոք սրտի Ռուսաստանի լրատվամիջոցներում այսօր մատների վրա ուղղակի կարելի է հաշվել մասնագետների, որոնք զբաղվել ու զբաղվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներով, այնպես որ այս իմաստով շատ դժվար է նրանց մեղադրել կողմնապահության մեջ: Ես իհարկե կարող եմ ինչ-որ մեկին մեղադրել ոչ պրոֆեսիոնալության համար, բայց կողմնապահության մեջ` ոչ, քանի որ ես բոլորին լավ ճանաչում եմ և տեսնելով հեղինակին` հասկանում եմ, որ նա չէր կարող կողմնակալ լինել»:
Ավելացրեց, որ այդ իրավիճակը տարիներ առաջ, հատկապես 90-ականներին ռուսական ԶԼՄ-ներում տեղ ունեցել է, երբ հակամարտությունը չէր կորցրել իր սրությունը, երբ շատ մարդիկ կարծում էին, որ նրանից, թե ինչ կգրեն ռուսաստանյան լրատվամիջոցները ինչ-որ մեկը կախում ունի և երբ լոբբիստական լծակները ակտիվ էին ու երբ դեռ զանգահարում էին գլխավոր խմբագիրներին ու հիշեցնում բարիդրացիական հարաբերությունների մասին:
«Այս ամենը, իհարկե, ինչ-որ կերպ ազդում էր որոշ հրապարակումների վրա, բայց այսօր` ոչ, այսօր նման բան չեմ տեսնում: Ոչ պրոֆեսիոնալիզմ կա, բայց կողմնապահություն ոչ»,- հավելեց նա:
Միևնույն ժամանակ Ա.Կասաևը չբացառեց, որ գուցե դա նորից ի հայտ գա` ՌԴ կողմից հետխորհրդային տարածքի նկատմամբ քաղաքական հետաքրքրությունների փոփոխությանը զուգահեռ, բայց այդ դեպքում կողմնապահությունն էլ կկրի քաղաքականապես մոտիվացված բնույթ:
«Սա այն դեպքում, կրկնում եմ, որ եթե կողմնապահությունը Հայաստանի կամ Ադրբեջանի նկատմամբ նորից վերադառնա ռուսաստանյան լրատվամիջոցներ»,- ընդգծեց նա:
Ա.Կասաևը նաև նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն քսան տարի է սառեցված վիճակում է, բայց քանի որ դրա պատճառները վերացված չեն` այն պահպանում է շարունակականության վտանգավորությունը:
Նշենք, որ հանդիպումը Ա.Կասաևի հետ կայացավ Հարավային Կովկասի երկրների լրագրողների վերապատրաստման ծրագրի շրջանակում, որը կազմակերպել է ռուսական «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնը: