Աբխազիայում հեղաշրջման փո՞րձ է տեղի ունեցել
Աբխազիայի չճանաչված հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել երկիրը և հույս ունի բանակցել ընդդիմության հետ, որը հայտարարել է երկրի իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին: Հայտնում է BBC-ն:
Աբխազական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անկվաբը մանրամասներ է ներկայացրել ընդդիկության հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ:
«Մենք բանակցում էինք իրավիճակի կարգավորման շուրջ` քննարկելով տարբեր հարցեր: Ընդդիմության կողմից եղավ կատեգորիկ պահանջ իմ հրաժարականի վերաբերյալ: Այնուհետև պահանջեցին կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականները, ինչպես նաև պետք է պաշտոնանկ արվեն Տկուարչալյան և Գալյան շրջանների ղեկավարները»,- հայտարարել է Անկվաբը:
Նրա խոսքերով, ինքն այս պահին խորհրդակցում է երկրի անվտանգության խորհրդի հետ իրավիճակի կարգավորման ուղղությամբ և գտնում են, որ հնարավոր է այն պահել իրավական հարթությունում:
«Ես գտնվում եմ այստեղ և ոչ մի տեղ չեմ գնացել»,- հավելել է Անկվաբը:
Նշենք, որ ընդդիմության հետ Անկվաբի բանակցություններն անարդյունք ավարտ են ունեցել, որից հետո ընդդիմության լիդերներից մեկը` Ռաուլ Խաջիմբան հայտարարել է Կուսակցությունների և շարժումների հասարակական համակարգող խորհուրդը ժամանակավորապես իր ձեռքն է վերցնում երկրի կառավարումը:
Երեքշաբթի երեկոյան ընդդիմության ներկայացուցիչները ներխուժել են նախագահի նստավայր` չհանդիպելով որևէ դիմադրության և գրավել այն: Այս իրադարձությունից հետո Սուխումիում սկսվել են զանգվածային ցույցեր անցկացվել: Աբխազիայի անվտանգության խորհրդի ղեկավար Նուգզար Աշուբը իրողությունը բնութագրել է որպես «հեղաշրջման փորձ»