Մայիսյան հերոսամարտեր… Համազգային միաբանություն… Հայաստանի Առաջին Հանրապետություն
Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը ռուս-թուրքականից դառնում է թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճում է թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողանում է համախմբվել և արժանի հաղթանակներ տանել: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով:
«Եվ թշնամին, որ մի քանի անգամ ավելի կորուստներ ունեցավ, երկար ժամանակ պիտի հիշե այդ (Սարդարապատի) ճակատամարտը, ինչպես պարսիկները՝ Ավարայրը (451 թ.), և արաբները՝ Վարդանակերտը (703 թ.): Արդարև, այդ երեք հերոսամարտերը մեր պատմության ալեծուփ ծովից դուրս ցցված գրանիտե ժայռեր են, որոնց վրա երեք անգամ հայ հայրենիքի թշնամիների կատաղության ալիքները փշրվեցին»,- ասել է գրող, հասարակական գործիչ Ավետիս Ահարոնյանը:
«Ղարաքիլիսայի ճակատամարտը «....բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ:
....Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել».- ասել է Կովկասում թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան:
Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվել է արևելահայությունը, ինչպես նաև Մեծ եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր: Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպել են թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության:
«1918 թ. մայիսին օրակարգում էր դրված հայ ժողովըրդի լինել-չլինելու, իր Հայրենիքի մի փոքր անկյունում՝ Արևելյան Հայաստանում, ապրելու, գոյատևելու խընդիրը: Հայ ժողովուրդը հերոսաբար լուծեց այդ պատմական խնդիրը, կարողացավ ջախջախել թուրքական զորքերին և զենքով ձեռք բերել իր սեփական Հայրենիքում ապրելու և զարգանալու իրավունքը»,- ասել է պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը:
Այդպիսով, մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճռած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել:
Մայիսյան հերոսամարտերից հետո 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը 543 տարի դադարից հետո կրկին վերականգնեց իր պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմ2 էր, բնակչությունը՝ 700 հազար:
Հայաստանի Հանրապետությունր կարողացավ իրավական ճանաչում ստանալ Անտանտի երկրների կողմից, մասնակցել հաշտության խորհրդաժողովին և, վերջապես, իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպել Սևրի պայմանագրով:
1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրել են պայմանագիր, որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Ցավոք, ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ոչ Սևրի պայմանագիրը, ոչ Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի Կառավարությունը փորձել է Ռուսաստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ: Խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն է ուղարկել Մոսկվա: Սակայն քեմալականներն ու Խորհրդային Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտել են հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը:
1920 թ. մայիսին Կարմիր բանակը մտել է Ղարաբաղ, հունիսին՝ Զանգեզուր, օգոստոսին՝ Նախիջևան՝ առանց հայկական զինված ուժերի դիմակայության: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների՝ իբրև հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը:
1920 թ. օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվել է ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ:
1920 թ. սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է Հայաստանի վրա: Հետագայում թուրքական կառավարությունը պատերազմի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանը ներկայացրել է որպես նախահարձակ:
Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարել է ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշևիկյանից, հանդես են եկել հայրենիքի պաշտպանության կոչով:
Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունել է թուրքերի առաջարկած զինադադարը: 1920 թ. նոյեմբերի 24-ին կազմվել է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտել է Իջևան և երկրում հայտարարել խորհրդային իշխանություն:
Դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքել է հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվել է հայ-թուրքական պատերազմը:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևել է ընդամենը երկուսուկես տարի: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում