Եթե ոստիկանապետը լիներ Վերնիսաժում կրակողի տեղը կգործեր հանգիստ ու կփորձեր հանդարտ լուծել հարցը
Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մանրամասն ուսումնասիրություն ենք կատարալեու և ոչ մի բան մեր ուշադրությունից չի վրիպելու: Այդ մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Հիշեցնենք` մայիսի 17-ին մեքենայի ճանապարհը բացելու շուրջ Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հայրապետյանի հետ առաջացած վիճաբանության արդյունքում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, մի քանի անգամ կրակել է, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է:
Օրերս նախագհի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե Վալերի Հովհաննիսյանի և Նորայր Հայրապետյանի կողմից ցինիզմ էր դրսևորվել, ինչն էլ պատճառ է եղել, որ Գոռ Առաքելյանը կրակի: Նաև հավելել էր, որ ինքն էլ լիներ Գոռի տեղը, ինքն էլ կկրակեր, բայց իր օրինական զենքով:
Այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից լրագրողները փորձեցին պարզել, թե նա ինչպես կվարվեր, եթե լիներ Առաքելյանի տեղը, ոստիկանապետը ներկայացրեց կարճ. «Ինչպե՞ս եք ինձ պատկերացնում այդ վիճակում, ես կգործեի հանգիստ և իհարկե, հանդարտ կփորձեի հարցը լուծել»:
Նախկին ոստիկանապետի այն պնդմանը, թե պետք է փորձել հասկանալ նաև կրակող կողմին, որն իր ընտանիքի անդամների առաջ պատասխանել է ցինիզմին և լսել նաև այդ կողմին, ներկայիս ոստիկանապետն արձագանքեց. «Մենք նկատի կունենանք նրա խորհուրդը»:
Նախորդող հրապարակումներ`
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց