HRW. «Ազատություն «անհետացած» լրագրողին»
Human Rigts Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարությամբ է հանդես եկել, որով Ուկրաինայի իշխանություններից պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել սույն թվականի մայիսի 10-ին Դոնեցկի շրջանում երկրի զինված ուժերի կողմից իրականացված ուժային գործողությունների արդյունքում անհետացած լրագրող Արտյոմ Լարիոնովին հայտնաբերելու և ազատ արձակելու ուղղությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ իշխանությունները պետք է անհապաղ Լարիոնովի համար ապահովեն փաստաբանի ծառայությունից օգտվելու հասանելիություն, կապ ընտանիքի անդամների հետ կապ, ինչպես նաև ազատ արձակեն նրան կամ մեղադրանքներ առաջադրեն` անհերքելի ապացույցների առկայության դեպքում:
«Իշխանությունները անմիջապես պետք է ասեն, թե որտեղ է պահվում Արտյոմ Լարիոնովը կամ թե որտեղ են նրան պահում: Բռնի կերպով անհետացումը չի կարող ոչնչով արդարացվել, նույնիսկ այն դեպքում, եթե ինչ-որ մեկի հայացքները իշխանությունները չեն կիսում: Եվրոպական միությունը և հարցով մտահոգված կառավարությունները պետք է հրապարակայնորեն բարձրացնեն այս խնդիրը»,- նշել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Արտյոմ Լարիոնովի անհետացման հանգամանքների մասին որոշակի տեղեկություններ են ներկայացրել նրա երկու ընկերները: Համաձայն այդ տեղեկությունների` Լարիոնովին մայիսի 10-ին Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների միջև ընկած հատվածում շրջապատել են մի քանի զինվորականներ, որից հետո ընկերները այլևս չեն տեսել նրան:
Արտյոմ Լարիոնովը աշխատել է որպես Դոնեցկի հեռուսատընկերության նախագծերից մեկի լրագրող` լուսաբանելով հակակիևյան ուժերի բողոքի ցույցերը:
Նկատենք, որ զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը Ուկրաինայում վերջին շրջանում կտրուկ աճ են գրանցել, որի մասին խոսվում է նաև այլ միջազգային կառույցների կողմից: Մասնավորապես` համաձայն ԵԱՀԿ-ի`
սկսած 2013 թվականի նոյեմբերից Ուկրաինայում արձանագրվել է լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների մոտավորապես 300 դեպք` ներառյալ սպանություն, ֆիզիկական տանջանքներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքների պատճառում, առևանգում, ձերբակալում, գույքի առգրավում:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից «Վերջ բռնություններին» արշավի շրջանակներում հրապարակված «Բռնությունը 2014 թվականին. Չիրականացված խոստումների 30 տարիները» վերտառությամբ զեկույցում ևս մամուլի ազատության սահմանափակման և լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման դեպքերով Ուկրաինան համարվել էր առաջատարը` հետխորհրդային երկրների շարքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում