Սարդարապատի հուշահամալիրը հիշեցնում է հայ ժողովրդի հերոսությունների մասին
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով 1968-1978 թվականներին կառուցված Սարդարապատի հուշահամալիրն այսօր է իր բոլոր բաղկացուցիչ մասերով, թևավոր ցուլերով ու հաղթական զանգերով բոլորին հիշեցնում է հայ ժողովրդի հերոսությունների մասին:
Հուշահամալիրը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի հիսնամյա տարեդարձի օրը:
Ճիշտ ճակատամարտի տեղում է կառուցվել հուշահամալիրը: Այն բացառիկ է: Անսովոր է մոտիվների յուրահատուկ զուգակցումով: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը:
«Զանգակատան» աջ ու ձախ կողմերում, առաջին պլանում կանգնած են երկու հսկայական թևավոր ցուլեր: Հին Հայաստանում և Մերձավոր Արևելքում ցուլը մարմնավորում էր ուժը, հաստատակամությունն ու հավատարմությունը: Այստեղ նրանք պահպանում են «Զանգակատունը»` հերոսների հանգստարանը:
«Զանգակատան» հրապարակից սկիզբ է առնում ծառուղի` ռիթմիկ դասավորված արծիվների քանդակներով: Արծիվները մարմնավորում են պատերազմի հերոսներին:
Արծիվների ծառուղին առաջնորդում է այցելուներին դեպի բաց հրապարակ, որտեղ տեղադրված է աղեղնաձև քանդակազարդ «Հաղթանակ» պատը (երկարությունը` 55մ, բարձրությունը` 7մ): Պատի երկու մակերեսների վրա այլաբանորեն ներկայացված են Սարդարապատի ճակատամարտի պատկերները: Մեջտեղում կամարից բացվում են նորանոր հեռանկարներ:
Պատի տեղադրումը այս մասում թելադրված է ճարտարապետական համալիրի կառուցվածքով. Այն «կրճատում» է ճանապարհը «Զանգակատան» և հուշահամալիրի վերջում գտնվող թանգարանի շենքի միջև:
Անսամբլի շինությունները տարածականորեն միացնելու համար, Իսրայելյանը թանգարան տանող ճանապարհին ներառել է «Վարդավառ» սեղանատունը (1970 թ.), որը մտահղացված է հայ միջնադարյան ճարտարապետության ձևերով:
Ռաֆայել Իսրայելյանը Սարդարապատում