Անեսթեզիոլոգների պակասը հատկապես մարզերում օրախնդիր է. Առողջապահության նախարար
ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտել է, որ առողջապահության ոլորտի ամենահրատապ խնդիրներից մեկը բուժօգնության որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովումն է։ Այս ենթատեքստում, ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, առաջնային կարևորություն է տրվել մարզերում մասնագետների պակասը լրացնելու, վերակենդանացման ծառայությունները բարելավելու խնդրին։
ՀՀ անեսթեզիոլոգների և ռեաբիտոլոգների ասոցիացիայի նախագահ, ԱՆ գլխավոր մասնագետ Անատոլի Գնունին նշել է, որ անեսթեզիոլոգների պակաս կա նաև Երևանում։ Նա առաջարկել է մինչ խնդրի համակարգային լուծումն ուժեղացնել մայրաքաղաքի բուժհաստատությունների կապը մարզային հիվանդանոցների հետ` հնարավորինս կիրառելով նաև առկա հեռուստակապը։
Նախարարին ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները` մասնագետները հանդես են եկել տարբեր առաջարկություններով։
«Անեսթեզիոլոգների պակասը հատկապես մարզերում օրախնդիր է, ես կասեի` վտանգներով հղի։ Հասկանալի է, որ միանգամից հնարավոր չէ լուծել այն։ Մենք պարտավոր ենք ապահովել հիվանդի անվտանգությունը և համատեղ ջանքերով մի կողմից այժմ ապահովել անվտանգությունը, մյուս կողմից` ծրագրային աշխատանքներ տանել հետագայում կարևոր այս խնդրին համակարգված լուծում տալու նպատակով։ Ես ակնկալում եմ ձեր աջակցությունը»,-ասել է Արմեն Մուրադյանը։ Նա առաջարկել է խնդիրը հանգամանալից քննարկել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայում և հանդես գալ կառուցողական առաջարկներով։
Կարևորելով ծառայության բարելավումն ու մասնագետներով ապահովվածությունը` նախարարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի նիստերին խնդիրը միասին համակողմանի քննարկելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա