Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն և «HRW»-ը վրդովված են Անար Մամեդլիի նկատմամբ իրականացված դատավճռից
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն դատապարտել է Ադրբեջանի «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի» տնօրեն Անար Մամեդլիի հանդեպ իրականացված դատավճիռը՝ նշելով, որ դատավճիռը ունի քաղաքական դրդապատճառներ: Հայտարարությունը տեղադրված է կոմիտեի պաշտոնական կայքում:
Նշենք, որ մայիսի 26-ին Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանը «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության կենտրոնի» տնօրեն Անար Մամեդլիին դատապարտել է ազատազրկման 5 տարի և 6 ամիս ժամկետով:
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Ինգեսլանդը նշել է, որ դատավճիռը ընդունվել է Ադրբեջանի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելուց երկու շաբաթ հետո: Առաջիկա վեց ամիսների ընթացքում Ադրբեջանի համար առաջնահերթ պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդումը, սակայն հենց առաջին 12 օրերի ընթացքում երկիրը ձախողում է գրանցել բոլոր ոլորտներում՝ չկատարելով իր առաքելությունը, նշել է գլխավոր քարտուղարը:
«Նորվեգիայի կառավարությունը պետք է ամենաբարձր մակարդակով արծարծի Անար Մամեդլիի հարցը: Մենք նաև կոչ ենք անում ԵԽԽՎ-ում Նորվեգիայի պատվիրակությանը այս հարցը դնել քննարկման հաջորդ ԵԽԽՎ նստաշրջանում, որը տեղի կունենա հունիսի 23-ին»,- ասել է Ինգեսլանդը:
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Գեորգի Գոգիան, անդրադառնալով Մամեդլիի դատավճռին, նշել է, որ Ադրբեջանի դատական համակարգը հերթական անգամ քաղաքական հալածանքների գործիք է դարձել:
Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությունը նշում է, որ այն գործունեությունը ինչով Անար Մամեդլին էր զբաղվում, Ադրբեջանում անպատիժ չի մնում:
«Ակնհայտ է, որ «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը» իր կողմից հնչեցրած քննադատության պատճառով դարձել է իշխանությունների թիրախը: Գլխավոր դատախազությունը Կենտրոնի դեմ գործ է հարուցել վերջինի կողմից հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների մոնիթորինիգի նախնական զեկույցի հրապարակումից մեկ շաբաթ անց: Զեկույցում ասվում էր, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Այս գնահատականը կիսում էր նաև ԵԱՀԿ-ն, որը հրապարակել էր զեկույց նմանատիպ դիտարկումներով»,- ասվում է հայտարարության մեջ:
Ամփոփելով, Գոգիան ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալուց 13 տարի անց Ադրբեջանի կառավարությունը պետք է սկսի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Ըստ «HRW»-ի ներկայացուցչի՝ Ադրբեջանի կառավարությունը, մասնավորապես, պետք է ազատ արձակի բոլոր ձերբակալված ակտիվիստներին: Այն կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:
Հիշեցնենք, որ «Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության հետազոտությունների կենտրոնը» հոկտեմբերի 9-ին իրականացրել էր Ադրբեջանի նախագահական ընտրությունների մոնիթորինգը, որի արդյունքում օրենքի բազմաթիվ խախտումներ էր գրանցել: Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել և հետաքննություն սկսել ԸՄԺՀ-ի դեմ: Այս գործի վերաբերյալ «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասում է, որ ԺԸԵՀ-ը բողոքի հայց է նեկայացնում ԸՄԺՀ-ի նախագահ Անար Մամեդլիի նկատմամբ կիրառվող կամայական և անօրինական հետապնդումների դեմ:
Նշենք նաև որ այսօր «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ը հրապարակել է ներկայումս Ադրբեջամնում առկա քաղբանտարկյալների թիվը: 2014թ.-ի մայիսի 21-ի դրությամբ Ադրբեջանում քաղաքական հալածանքների 130 զոհ կա. 41 խղճի դատապարտյալ և 89 քաղբանտարկյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում