Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության հարցին
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլը Հայաստանի հետ Թուրքիայի էներգետիկ համագործակցության հնարավորության մասին գրավոր հարց է ուղղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին: Վերջինս ի պատասխան նշել է, որ ներկա պայմաններում Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ, այդ թվում և էներգետիկ բնույթի, ստորագրելու մասին խոսք լինել չի կարող:
Ինչպես հայտնում է թուրքական «Հաբեր X» լրատվական կայքը, ըստ Դավութօղլուի` Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության հեռանկարներ կարող են բացվել միայն այն բանից հետո, երբ հայկական ուժերը դուրս գան «ադրբեջանական տարածքներից»:
«Այդ ժամանակ Հայաստանի առջև ճանապարհ կբացվի նաև տարածաշրջանային նախագծերին մասնակցելու առումով»,- հավելել է Թուրքիայի արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ էմբարգո չի կիրառում` հիշեցնելով, որ Հայաստանն իր տարանցիկ բեռնափոխադրումները երրորդ երկրների միջոցով իրականացնում է Թուրքիայի տարածքով, երկու երկրների միջև գործում են չարտերային չվերթներ, իսկ Թուրքիա մեկնած ՀՀ քաղաքացիներին տրվում է մուտքի արտոնագիր (վիզա):
Դավութօղլուն տեղեկացրել է, որ «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով 2013-ի դեկտեմբերի 12-ին Երևան կատարած իր այցի ժամանակ թեև հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարի հետ, բայց կողմերի միջև որևէ համաձայնագիր չի ստորագրվել: