Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարկադիր էլեկտրոնային աճուրդն ավարտվեց: Աճուրդի տասը օրերի ընթացքում որևէ առաջարկ չի ներկայացվել: Մեկնարկային գինը, հիշեցնենք, 19 350 000 000.0 դրամ: Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Սարգիս Ցականյանը պարզաբանեց, որ ըստ օրենքի` աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտից հետո երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ: Եվ հաջորդ աճուրդի ժամանակ լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:
«Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը (տվյալ դեպքում կառավարությունը- ԽՄԲ.) աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունել այդ աճուրդի մեկնարկային գնով: ՀՀ անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն»,- նշեց փաստաբանը:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35. 4 հոդվածի համաձայն` պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ գրավոր պահանջի բացակայության կամ միևնույն պարտապանի գույքի նկատմամբ բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական թերթերի (բացառությամբ պետական տուրքի բռնագանձման) առկայության դեպքում լոտը պահանջատերերին չի հանձնվում, և աճուրդային գործընթացը շարունակվում է:
Կարևորը սակայն, ըստ Ս.Ցականյանի, օրենքի այն դրույթն է, որն ասում է. «6-րդ աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով այն իրացնելու ուղղակի վաճառքի միջոցով (բացառությամբ անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների): Այլ կերպ ասած` անշարժ գույքի, մշակութային արժեքների և արժեթղթերի դեպքում օրենքը հնարավորություն է տալիս անսահմանափակ նվազեցումներ կատարել, ինչի արդյունքում կարող են տուժել, ինչպես պահանջատերը, այնպես էլ պարտապանը, քանզի առաջինի դեպքում նա չի կարողանա ամբողջությամբ հետ ստանալ բռնագանձման ենթակա գումարները, իսկ պարտապանի դեպքում` վերջինս կկորցնի ավելին, քան ենթակա էր բռնագանձման իրենից»:
Ս.Ցականյանը նկատեց, որ օրենքի կարգավորումները բավականին շատ մանիպուլյացիաների տեղ են տալիս և այս ամենին տիրապետողը կարող է այդ հնարավորությունից օգտվել: Ի վերջո այս ամենի հիմքում ընկած է լոտը` մարզահամերգային համալիրը վաճառելու խնդիրը, իսկ թե ինչ գնով, սա, ինչպես ասում են, «дело техники»:
Հիշեցնենք, որ Panorama.am-ի` աճուրդի մասին հրապարակումից անմիջապես հետո «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է Հայաստանյան օրենսդրության խախտումներով: Արձագանքել էր նաև ԴԱՀԿ-ը:
Նախորդող հրապարակում`
Մարզահամերգային համալիրը հանել են աճուրդի
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը
ԴԱՀԿ-ն արձագանքել է Մարզահամերգային համալիրի աճուրդի մասին հրապարակումներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները